14:06 , 9 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Սիրիան այն երկրներից է, որի շուրջ ոչ միայն տեղեկատվությունն է շատ, այլև՝ ապատեղեկատվությունը. Երկու թեմա կա Սիրիայի հետ կապված` նախագահ Բաշար Ալ-Ասադի նկատմամբ մահափորձը և սիրիական իսլամականների ու քրդերի միջև լարված իրավիճակը: Լրագրողների հետ հանդիպմանը ասաց արևելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը:
Նա նշեց, որ Բաշար Ալ-Ասադն ասել է` մինչև աշուն հարցերը լուծված կլինեն. «Սա առաջին անգամ է, երբ սիրիական իշխանությունները հստակ ժամկետ են ասում: Հատկանշական է, որ սիրիական իշխանությունները վերջին շրջանում նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել: Սակայն սիրիական լավատեսությունը, թե ամեն ինչ կավարտվի աշնանը, փոքր ինչ չափազանցված է»,- ասաց նա` հավելելով, թե պատերազմը դեռ երկար կշարունակվի:
Փորձագետը նշեց նաև, որ ընդդիմությունը բաժանվել է երկու թևի` սիրիական ազատ բանակը և իսլամականները, որոնց դեպքում, նրա գնահատմամբ, տարանջատումները շատ կտրուկ են։