15:15 , 9 օգոստոս, 2013Ամուսնալուծությունը շատ սթրեսային շրջան է մարդու կյանքում: Հետևելով մեր առաջարկած հինգ խորհուրդներին` Դուք ավելի հեշտությամբ կհաղթահարեք ամուսնալուծության հետևանքով առաջացած դժվարությունները:
1) Հոգ տարեք Ձեր մասին
Զբաղվեք մարմնամարզությամբ, կերեք առողջ սնունդ և մի լավ քնեք: Դուք կարող եք նաև զբաղվել ընթերցանությամբ, աղոթել, մեդիտացիա անել և հաճախել մերսումների: Ամուսնալուծությունից ուշքի գալու համար թերևս ամենակարևորը հենց Ձեր մասին լավ հոգ տանելն է: Երբ Դուք ֆիզիկապես առողջ եք, կարող եք ավելի լավ տրամաբանել և ավելի հեշտությամբ հաղթահարել սթրեսային իրավիճակները:
2) Աջակցություն ստացեք
Սթրեսային իրավիճակներում Դուք հաճախ Ձեր խնդիրներով կիսվում եք ընկերների և հարազատների հետ: Նրանք սովորաբար ասում են` «Նա երբեք էլ արժանի չէր քեզ», «Առանց նրա քեզ համար ավելի լավ կլինի», «Դու ոչինչ չես կորցրել, կորցնողը նա է»: Այս արտահայտությունները չեն կարող ամոքել Ձեր ցավը: Ընտրեք մի կամ երկու հոգու, ում կարող եք վստահել, և նրանց առաջ բացեք Ձեր սիրտը: Եթե Ձեր մտերիմները չեն կարողանում լսել Ձեզ կամ չեն կարողանում անկանխակալ խորհուրդներով օգնել, դիմեք պրոֆեսիոնալ թերապևտների:

3) Մեծահոգի եղեք
Անկախ նրանից, թե Դուք որքան եք բարկացած Ձեր նախկին ամուսնու վրա, փորձեք ցույց չտալ Ձեր բացասական էմոցիաները: Իմաստ չունի Ձեր նախկին ամուսնուն վատաբանել սոցցանցերում կամ կոչել նրան ինչ-որ անպատվաբեր մականունով: Եթե Ձեր նախկին ամուսինը կամ կինն է Ձեր մասին ստահոդ տեղեկատվություն տարածում, եղեք մեծահոգի: Մի վարվեք նրա պես: Մի բռնվեք էմոցիոնալ քննարկման: Փորձեք հանգիստ արտահայտել Ձեր էմոցիաները:
4) Իմաստուն որոշումներ կայացրեք
Ամուսնալուծության ընթացքում կուտակվում է զայրույթ ու վիրավորանք: Երբ արդեն դատական գործընթացի միջով եք անցնում, հիշեք, որ Ձեր որոշումները ազդելու են Ձեր ողջ հետագա կյանքի վրա: Օրինակ` շատ կանայք որոշում են պահպանել ընտանեկան տունը: Նրանց չի հաջողվում հասկանալ, որ իրենց նախկին ամուսինը նրան կփոխհատուցի գումարով:
5) Պատրաստակամ եղեք փոխզիջումների գնալ
Ձեր ունեցվածքի բաժանման ժամանակ մի պահանջեք ինչ-որ բաներ զուտ Ձեր ամուսնուն վնաս պատճառելու համար: Դրանցից Դուք ոչ մի օգուտ չեք քաղի: Երկուսդ էլ պետք է սովորեք կիսվել, տալ ու վերցնել ճիշտ այնպես, ինչպես կպայմանավորվեիք երեխաների հետ:
Անշուշտ, մեր առաջարկած խորհուրդները չեն երաշխավորի դրամաներից զերծ երջանիկ ամուսնալուծություն, դրանք Ձեզ կօգնեն ավելի հեշտությամբ հաղթահարել ամուսնալուծության հետ կապված բարդությունները: Եթե Դուք երեխաներ ունեք, նրանց դաստիակությամբ պիտի զբաղվեք միասնաբար: Լարված հարաբերությունները միայն կխանգարեն Ձեզ այս հարցում: Երեխաների ներկայությամբ մի չարախոսեք Ձեր նախկին ամուսնու կամ կնոջ մասին: Նրանց մի դարձրեք կռվախնձոր և ընտրության առաջ մի կանգնեցրեք: Նրանք ունեն և՛ մորը, և՛ հորը սիրելու իրավունք: