12:58 , 9 օգոստոս, 2013Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների հետ կապված հերթական հարցազրույցն է տվել՝ հայտարարելով, թե՝ «Հայաստանն այսօր կանգնած է հստակ ընտրության առջև` կամ եվրոպական ինտեգրացիա, կամ էլ Եվրասիական միություն»:
Մինչ բուն հարցազրույցում հնչող շեշտադրումներին անդրադառնալը` պետք է ընդգծել, որ նախորդ հարցազրույցի համեմատ այս անգամ, դեսպանի տոնայնությունը առավել մեղմացել է: Ընդ որում, եթե նախորդ հարցազրույցում դեսպանն իր ասելիքն ու մեսիջները հղում էր ՀՀ իշխանությանը (նաև վերջնագրերի ձևով), ապա այս հարցազրույցում, մեսիջների հիմնական հասցեատերը հայաստանյան հասարակությունն է:
Դա դրսևորվում է հատկապես հարցազրույցի այն հատվածում, որտեղ խոսք է գնում ԵՄ-ի և ՀՀ-ի միջև ընթացող Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստի մասին. «Համաձայնագիրը կարող է առաջադիմական քայլ դառնալ հայաստանյան տնտեսության զարգացման ուղղությամբ` սերտացնելով Հայաստանի և Եվրամիության առևտրատնտեսական կապերը: Դրա հետ մեկտեղ, մեր ունեցած տեղեկատվության համաձայն, այս համաձայնագրում դրույթներ կան, որոնք պարտավորեցնում են Հայաստանին Եվրամիության հետ համակարգել արտաքին քաղաքականությանն ու սահմանների պաշտպանությանը վերաբերող հարցերը»:
Մինչև վերջերս Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանը լավ գիտե, թե հայաստանյան հասարակության համար որքան նուրբ են երկրի անվտանգությանը և մասնավորապես սահմաններին վերաբերող հարցերը: Ընդ որում՝ հասարակության ճնշող մեծամասնությունը ըմբռնումով է մոտենում այն հարցին, որ Հայաստանի արևմտյան սահմանի պաշտպանությունը՝ օբյեկտիվ պատճառներով իրականացվում է ՌԴ սահմանապահ ծառայության կողմից՝ համարելով, որ այս պահին Հայաստանն այդ առումով այլընտրանք չունի: Դեսպանը փորձում է հասկացնել, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը բերելու է նրան, որ սահմանների պաշտպանվածության հարցը հարցականի տակ է դրվելու, քանզի դեռևս հայտնի չէ, թե ԵՄ-ն ինչ է առաջարկելու այդ հարցում կամ արդյոք կարողանալո՞ւ է համապատասխան անվտանգության երաշխիքներ տալ:
Մոլորություն է նաև կարծել, թե ԵՄ-ի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումը ենթադրում է ԵՄ-ի կողմից Հայաստանի արտաքին քաղաքականության համակարգում, քանզի, չնայած այն հանգամանքին, որ համաձայնագրի տեքստին դեռևս սահմանափակ թվով մարդիկ են ծանոթ, սակայն բուն համաձայնագրի էությունն ու տրամաբանություն, ինչի հիման վրա սկսվել են ԵՄ-ի ու ՀՀ-ի միջև բանակցությունները, հիմնված է քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացման վրա:
Ցանկացած երկիր` իր արտաքին քաղաքականության իրականացման ճանապարհին, միշտ էլ ընտրության առաջ է կանգնում՝ ո՞ր երկրի կամ միջազգային կառույցի հետ ինչ մակարդակով ու ինչ ոլորտներում հարաբերություններ զարգացնել: Այո՛, Հայաստանը պետք է ընտրություն կատարի ու, կարծես թե, կատարել է իր ընտրությունը: Զարգացնել ու նոր մակարդակի վրա բարձրացնել քաղաքական ու տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի հետ, ինչպես նաև` շարունակական ձևով խորացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի հետ, բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, հումանիտար, մշակութային:
Ի դեպ, դեսպանը ևս խոստովանում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը առաջադիմական քայլ կլինի ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի՝ Հայաստանի տնտեսական զարգացման համար:
Վ. Կովալենկոյի խոսքերն այն մասին, թե «այսօր Մոսկվայում փորձում են հասկանալ` ի վերջո ի՞նչ քաղաքականություն են որդեգրելու հայաստանյան իշխանությունները», իրականում բավականին տարօրինակ են:
ՌԴ-ում վերջապես պետք է ընկալեն, որ առկա պայմաններում, երբ հարևաններից երկուսը շրջափակել են սահմանը, երրորդը՝ միջազգային պատժամիջոցների է ենթարկվում, Հայաստանը չի կարող սահմանակվել միայն ՌԴ-ի հետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ խորացմամբ: Հայաստանի տնտեսությանը պետք է «նոր շունչ հաղորդվի» և՛ բարեփոխումների, և ներդրումների առումով, իսկ ԵՄ ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրում այս առումով մեզ համար բացառիկ հնարավորություն է:
Իրականում Մոսկվան մտահոգվելու առիթ առհասարակ չունի, քանզի Հայաստանը պաշտոնապես էլ հայտարարել է, որ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամագրվելու մտադրություն չունի, այլ ցանկանում է խորացնել տնտեսական և քաղաքական հարաբերությունները: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացմանը, ապա դրանք զուգահեռ գործընթացներ են, ընդ որում՝ Հայաստանը, ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ լինելով, արդեն իսկ ընդգծել է իր մտադրությունները ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման ու երկարատև համագործակցության կտրվածքով: