5 տարի առաջ Վրաստանը պատժվեց արևմտամետ լինելու համար. հիմա հերթը մե՞րն է


11:58 , 9 օգոստոս, 2013

Մինչ իրենց Դիզրաելիներ երևակայած մեր արտաքին քաղաքականության գիգանտները պարբերաբար վստահեցնում են կամ փորձում են վստահեցնել, որ իրականում ոչ մի հակասություն էլ չկա ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում, իսկ ԵՄ-ի հետ ասոցացումը մեծագույն ղսմաթ է, որը բխում է առաջին հերթին հենց մեր շահերից (էնքան ղսմաթ ա, որ մինչև հիմա գաղտնի են պահում պայմանագրի դրույթները), իսկ բարձրացած աղմուկն էլ ինչ-որ մարգինալ կայսերաապաշտների բարբաջանք է, հերթական հեղինակավոր արևմտյան փորձագետն է արտահայտվել այս հարցի առնչությամբ: 
Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը ծավալուն հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան Գործընկերության գագաթնաժողովին սպասվող զարգացումներին: Ըստ Դե Վաալի` բավականին անհարմար կացության մեջ է հայտնվել Ուկրաինան, որին հավանաբար կառաջարկվի ասոցացում, բայց այն կունենա նախապայմաններ, որոնցից կարևորագույնը՝ Մաքսային Միություն չմտնելն է: Գրեթե նույն դիլեմայի առաջ էլ Հայաստանն է` ըստ Դե Վաալի, ուղղակի ավելի փոքր մասշտաբներով:
Ըստ փորձագետի` Ռուսաստանն ու Եվրամիությունը երբեք չեն խոստովանել, որ խնդիր ունեն, բայց դրանք առկա են, որվհետև ԵՄ-ն արդեն վաղուց ներթափանցել է Ռուսաստանի ազդեցության գոտիները, ինչին ռուսները միշտ խանդագին են վերաբերվել:
Միևնույն ժամանակ Դե Վաալը բավականին հետաքրքրական ակնարկ է արել՝ վիզաների պահով, անուղղակիորեն հասկացնելով, որ անգամ ասոցացումից հետո, անգամ Ուկրաինայի համար այդ հարցը բաց է և քննարկման է ենթակա...

Ինչևիցե, Ուկրաինան՝ Ուկրաինայով, եկեք վերադառնանք Հայաստանին: Կարծում եմ, որ բացի Նալբանդյանենցից, մեկ էլ Եվրոլոբբինգի վկաներից, ոչ ոք չի վիճի, որ Ռուսաստանն ավելի քան խանդագին է վերաբերվում մեր էս գլխակորույս դեպի ԵՄ սլանալու մոլուցքին: Մյուս կողմից` մենք ունենք մի հարևան, ով նույնն անում էր հատկապես 2003-ից ի վեր, իսկ 2008-ին բանը հասավ իր կուլմինացիային: Երեկ նշվում էր վրաց-ռուսական պատերազմի 5 ամյակը...
Վրաստանը պատերազմի արդյունքում վերջնականապես ու անվերադարձ կորցրեց Աբխազիան ու Հարավային Օսիան, և արդեն 5 տարի է` շարունակում է ընդգծված արևմտամետ վեկտորը: Արդյունքում, նա ստացավ մի քանի միլիարդ դոլարի օգնություն և մոտ 7 միլիարդի էլ վարկեր (որոնք դեռ պետք է վերադարձնի): Մյուս կողմից, համակարգի առողջացումն առանց այն էլ շատ ճոխացված էր ներկայացվոում, իսկ այսօր, երբ իշխանության գլխին պոպուլիստ օլիիգարխն է, ընդհանրապես սկսվել է իշխանական համակարգի ռեգրես, իսկ մյուս կողմից էլ փորձում են վերականգնել նորմալ բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև տնտեսական կապերը վերահաստատել...
Փաստորեն, Վրաստանը վեկտորը փոխեց, Վրաստանը գլխին ուժեղ կերավ ռուսների կողմից ու փոխարենը մի վագոն փող ստացավ՝ հիմնականում պարտքով, իսկ հիմա էլ գնալով մոտենում է կոտրած տաշտակին ու նա վսյակի փորձում վերադարձնել Ռուսաստանի բարյացակամությունը՝ գոնե տնտեսական մասով: Կորցրա՞ծն էր ավելի շատ, թե՞ ձեռք բերածը: Ըստ իս՝ կորցրածը, և այն դեռ է՛լ ավելի կշատանա: Մենք նույն ուղու վրա՞ ենք ու կորցնելու բան ունե՞նք: Ըստ իս` այո, ու ըստ իս` ունենք և այն էլ ինչքա՜ն: 
Մնում է հուսալ, որ մեր «իմ շահ - քո շահ» խաղացնող Դիզրաելու ֆանատները, այնուամենայնիվ, խելքի կգան ու մի քիչ ավելի սթափ կմոտենան այս հարցին, օ՜, քանի դեռ ուշ չէ: