Քեզ հաղթելու են այնքան, քանի դու սպասում ես փրկչին ու չես հասկանում,որ այդ փրկիչը մի անձ չէ, այդ փրկիչը ձևավորվում է բացառապես ազգային միասնության շնորհիվ. Անի Հովհաննիսյան


03:39 , 3 մարտ, 2021
Գիշերային մտքեր. Փրկչին սպասելու սինդրոմը
Դուք սպասում եք մեկին, ով կգա ու կփրկի, ով կդրսևորի մարդկային լավագույն որակներ, չի խաբի, չի թալանի, չի փչացնի, այլ կլինի աստվածայինի մարմնավորում երկրի վրա: Դուք սպասում եք մեկին, ով ուղղակի չկա, գոյություն չունի, այլ ձեր երազանքների մարմնավորումն է:
Դուք ուզում եք ուժեղ լիդեր, ով կպաշտպանի, կտանի հաղթանակների ու կզինի լավագույն զենքերով: Դուք սպասում եք նրան, ով չի կարող լինել, ամեն անգամ հավատում եք, հետո հիասթափվում, քանի որ օբյեկտիվ իրականությունը չեք ցանկացել տեսնել, տեսել եք այն, ինչ ուզել եք:
Նույնն է հիմա, երբ նորից սպասում եք մի փրկչի, ով կգա, կգլխատի դավաճաններին, կբացի թևերը լուսավոր ու կփրկի, դրա համար էլ օրակարգի գլխավոր հարցերից մեկն է՝ եթե ոչ Նիկոլն, ապա ով:
Դուք քննադատում ու քարկոծում եք նախկիններին ավելի շատ, քան մարդիկ, ովքեր ձեզանից շատ պատճառներ ունեն դա անելու, դուք կարծում եք, թե դուք ամեն ինչ հասկանում եք, սակայն դուք նորից կրկնում եք այն սխալը, որը դարեդար արել է հայ ազգը:
Դուք չեք ուզում հասկանալ, որ կարևոր չի, թե ով կգա, ով կգնա, կարևորն այն է, որ ազգն իմպոտենտ չդառնա ու չպայմանավորի իր գոյությունը փրկիչներով, կարևոր չեն անձերը, կարևոր է այն, որ ազգի ամեն ներկայացուցիչ պատրաստ լինի պայքարել հանուն ազգային գաղափարի, հանուն հայրենիքի, պայքարել ուղեղով, առանց կենացների, առանց էմոցիաների, առանց փրկիչների... Պատրաստ լինի վճռական պահին գիտակցել, որ կարող է կանգնել իր չսիրած նախկինի կողքին, իսկ հետո որոշել, թե ում տեղը որտեղ է: Միակ մարդկանց կողքին, որ չի կարելի կանգնել, ազգի թշնամիներն են, մնացած էմոցիաները կարելի է հաղթահարել:
Կարևոր չէ,թե ով է հարթակում, կարևոր չէ անգամ, թե ինչ է խոսում, կարևոր է, որ դու հասկանաս՝ ինչն ես թույլ տալու քո երկրում անեն, իսկ ինչը՝ ոչ, վերջապես գիտակցես, որ քեզ առնել, ծախել, խաբել, ստորացնել, զոմբիացնել կարող են միայն մի դեպքում, երբ դու դա թույլ ես տալիս: Երբ դու դա սկսես թույլ չտալ, կխոսեն ու կանեն այն, ինչ դու ես ուզում, այն, ինչ պետք է անեն ազգի համար, քանի որ դու ամբոխից դարձել ես ազգ:
Քեզ հաղթելու են այնքան, քանի դու սպասում ես փրկչին ու չես հասկանում,որ այդ փրկիչը մի անձ չէ, այդ փրկիչը ձևավորվում է բացառապես ազգային միասնության շնորհիվ, և հենց դու ես այդ փրկչի մասնիկներից մեկը: