Ռուսաստանը պետք է ապացուցի, որ թուրք հովիվը զենքով է եկել, այլապես միջադեպը ենթադրությունների տեղիք է տալիս. Արա Պապյան


11:49 , 9 օգոստոս, 2013

Tert.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը գտնում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է ապացույցներ պահանջի ռուս սահմանապահներից և ներկայացնի Թուրքիային, որ թուրք հովվի հետ կապված միջադեպի մեղավորը հովիվն էր, ով զենքով էր անցել սահմանը և առաջինն էլ կրակ բացել, հակառակ դեպքում, ըստ նրա, միջադեպը ենթադրությունների տեղիք է տալիս։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ի գիշերը հայ-թուրքական սահմանին տեղի էր ունեցել միջադեպ, որից հետո հայկական և թուրքական աղբյուրներն իրարամերժ վարկածներ են առաջ քաշել: Ըստ թուրքական կողմի՝ «հայ զինվորներն» առանց նախազգուշացնելու կրակ են բացել 35-ամյա Մուստաֆա Ուլքերի վրա, երբ վերջինս փորձում էր հետ բերել իր ոչխարները Հայաստանի տարածքից: Ռուս սահմանապահների վարկածով՝ երկու թուրք երիտասարդ ոչխար գողանալու նպատակով գիշերը ժամը 3-ին հատել են հայ-թուրքական սահմանը:

Երբ Հայաստանի սահմանին կանգնած ռուս սահմանապահները զգուշացրել են, որ սահմանախախտները հետ դառնան, թուրքերը ծաղրել են նրանց և հրաժարվել նահանջելուց: Այնուհետև սահմանապահները երկու անգամ նախազգուշական կրակոց են արձակել օդում, և այդ պահին թուրքերից մեկը կրակ է բացել նրանց վրա: Ըստ Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանամերձ վարչության՝ ռուսական զորքերը պատասխան կրակոցով սպանել են թուրք սահմանախախտներից մեկին:

«Իհարկե չեմ կարծում, որ այս միջադեպը Ռուսաստանի կողմից կազմակերպված լինի, բայց ենթադրում եմ, որ ռուսները, օգտվելով այս ստեղծված իրավիճակից, նրանից, որ թուրք հովիվը սահմանն անցել է, շատ ավելի կտրուկ միջոցների են դիմել, քան առաջ էին դիմում, որովհետև եթե պարզվի, որ հովիվը զինված չի եղել, արդեն ենթադրությունների տեղիք է տալիս»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը և ավելացրեց, որ սահմանային նման խախտումներն առաջին անգամ չեն։

«Բազմաթիվ անգամներ են եղել սահմանի նման խախտումներ, ասենք՝ անասունի հետևից գնալ և այլն, և նման բան չի եղել, իսկ եթե ապացուցվի, որ թուրք հովիվը զինված չի եղել և առաջինը կրակել է ռուս սահմանապահը, կարող եմ ենթադրել, որ սա արվում է, որպեսզի լարված հայ-թուրքական հարաբերություներն է՛լ ավելի լարվեն և առանձնապես ընտրության տեղ չթողեն: Իսկ եթե հարձակումը եղել է զինված, ինչպես ռուսական կողմն է ներկայացնում, ուրեմն սահմանապահն այլ գործողության ընտրություն չուներ»,- ասաց նա։

Արա Պապյանի կարծիքով՝ ՀՀ արտգործնախարարությունը ռուսական կողմից հստակ ապացույցներ պետք է պահանջի։ «Առ այն, որ ռուսական կողմն ասում էր, թե թուրք հովիվը եղել է զինված և առաջինն է կրակել, այսինքն՝ զենքը ամենամեծ ապացույցն է, և ռուսները այն պետք է թուրքերին ցույց տան, որովհետև սա փոխում է ամեն ինչ՝ արդյո՞ք նա եղել է զինված, թե՞ ոչ, ինչը արմատապես փոխում է հարցի էությունը։ Ուրեմն առաջին հերթին մեր կողմը պետք է ռուսների հետ համաձայնեցնի»,- նշեց նա։

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը հասկանալի է համարում միջադեպից հետո Թուրքիայից եկող արձագանքները։ «Թուրքիան առիթը բաց չի թողնում Հայաստանի նկատմամբ որոշակի բացասական տրամադրություններ ձևավորելու, Թուրքիայի մեջ և Թուրքիայից դուրս, և սա հարմար առիթ է նրա համար, որովհետև, ի վերջո, սպանվել է Թուրքիայի քաղաքացի։ Իհարկե, բուն կատարողը, այսինքն՝ կրակողը չի եղել Հայաստանի քաղաքացի, այլ եղել է ռուսական զորքերի սահմանապահ, այդուհանդերձ, Թուրքիան իրավացիորեն գտնում է, որ այս տարածքի սուվերենությունը Հայաստանինն է, դրա համար պարզապես առիթն օգտագործում է մեր իմիջն ամբողջ աշխարհում հնարավորինս վարկաբեկելու համար»,- նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ