«Կիրառելով մոգություն` մե՛կ իշխանության դերում է, մե՛կ` հեղափոխականի. եթե Փաշինյանը կինոյում խաղար, կարող էր «Օսկար»-ի հավակնել». «Կոմերսանտ»-ը` իշխանության երեկվա հանրահավաքի մասին


11:38 , 2 մարտ, 2021

Tert.am-ը գրում է.

Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` նախօրեին Հանրապետության հրապարակում կազմակերպած հանրահավաքին:

«Այդ օրը Փաշինյանը հակահարձակման գնաց և ցույց տվեց, որ կարող է և՛ իշխանություն լինել, և՛ միաժամանակ հեղափոխական պայքար վարել: Փաշինյանը հաջողացնում է անհնարինն անել քաղաքականության մեջ: Տիրապետելով երկրում ողջ իշխանությանը՝ նա, երբ իրեն պետք է, ակնթարթորեն մտնում է հեղափոխականի դերի մեջ: Եվ այդ մոգությունն աշխատում է: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը, և դա ստացվեց: Ամբոխը (массовка) Հանրապետության հրապարակում տպավորիչ տեսք ուներ»,- գրում է պարբերականը:

«Վարչապետը հրապարակ է եկել կառավարության շենքից՝ անցնելով անվտանգ միջանցքով, որը նախապես կազմել էին ոստիկանները: Նա բարձրացել է բեմ և ավելի քան մեկ ժամ դիրիժորություն արել՝ ստիպելով ամբոխին մերթ հավանություն տալով բղավել, մերթ վրդովված հառաչել, մերթ հնազանդորեն լռել: Եթե Փաշինյանը խաղար կինոյում, նա կարող էր «Օսկար»-ի հավակնել»,- նկատում է հոդվածագիրը:  

Ըստ պարբերականի՝ ելույթի սկզբում Փաշինյանը խնդրել է վառել բջջայինների լույսերը՝ ի նշան հարգանքի արցախյան պատերազմում զոհված անձանց, իսկ «մնացած ելույթն արտասանում էր արդեն ոչ թե Փաշինյան-վարչապետը, այլ Փաշինյան-հեղափոխականը»:

Աղբյուրը նկատում է, որ Փաշինյանը, որը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հրաժարականը, վերջինիս «դավաճան» է անվանել՝ մեղադրելով նրան երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանները կատարելու համար: 

Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ ներկայիս ճգնաժամը կարելի է կարգավորել արտահերթ խորհրդարանաան ընտրություններով, և որ ինքն ու իր թիմը պատրաստ են դրան, եթե խորհրդարանական ընդդիմությունը հուշագիր ստորագրի իրենց հետ:

Պարբերականը նշում է, որ «Իմ քայլը» խմբակցության իր աղբյուրն անանունության սկզբունքով տեղեկացրել է, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մոտ ապագայում՝ ԳՇ պետի հետ կապված հարցը լուծելուց անմիջապես հետո:

«Կոմերսանտ»-ի զրուցակցի տվյալներով՝ նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստ է ստորագրել վարչապետի կրկին ներկայացրած միջնորդագիրը Գասպարյանի հեռացման մասին: «Հենց Արմեն Սարգսյանը ստորագրի, մենք կանցնենք արտահերթ ընտրությունների կամզակերպմանը»,- ասել է խմբակցության աղբյուրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: