«Չէ, չէ, ոչ մի ավտոբուս, ուղղակի իմ շրջապատից, իմ ընկերներից ովքեր մեքենաներով կլինեն, կխնդրեմ՝ հետը տանի»․ Էջմիածնի փոխքաղաքապետը՝ աղմկահարույց հեռախոսազրույցի մասին


15:34 , 1 մարտ, 2021

168.am-ը գրում է.

Երեկ համացանցում հրապարակվեցին   Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մարզերից մարդկանց տեղափոխման մասին ձայնագրություններ։

Դրանցից մեկում  զրուցակիցը Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և 2018 թվականի հուլիսի 4-ից զբաղեցնում է այդ պաշտոնը։

168.am-ը զրուցել է Արսեն Պետրոսյանի հետ՝ մի քանի հարց ուղղելով երեկ հրապարակված  հեռախոսազրույցի մասին.

– Հեռախոսազրույցն իրակա՞ն է, դո՞ւք եք խոսում։

– Այո, ես եմ խոսում։

– Ո՞վ է զանգողը, ո՞ւմ հետ եք զրուցում։

– Զանգը եղել է Տելեգրամով, չգիտեմ ո՞ւմ հետ, մեր կուսակցության լոգոյով զանգ է եկել՝ «Քաղաքացիական պայմանագիր» անվանումն էլ, ներկայացել է՝ որպես մեր գրասենյակի աշխատող ու ինձ ասում էր, որ ասել են՝ վաղվա հանրահավաքի համար մարդկանց տեղաշարժի խնդիր ունեք։ Ես էլ խոսակցության ժամանակ մի պահ ոնց որ «ստոպ» եմ տալիս կոպիտ ասած, չեմ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը, ասում եմ՝ խնդիր չունենք էլի, հիմա բառացի չեմ հիշում… Ես՝ որպես կուսակցական, որպես մեր համայնքի կուսակցության ներկայացուցիչ՝ որոշակի կազմակերպչական աշխատանքներ տանում եմ, բայց դա չի բխում իմ աշխատանքից։

– Հեռախոսազրույցում Ձեզ հարց են ուղղում՝ մարդկանց տեղափոխելու, տրանսպորտ կամ ինչ-որ մի բան պե՞տք է։ Ձեր կողմից հնչում է պատասխան՝ «Պրինցիպի, ես շատը էդ տրանսպորտի հետ կապված բան չեմ արել, հիմնականում մարդկանց ասել եմ՝ մեքենաներով, որ հետո չգիտեմ՝ պոզ ու պոչ չկպցնեն, ասեն՝ վարչական ռեսուրս կիրառին, ավտոբուսներով լցին-բերին զոռով։ Զուտ էս բանի համար, էդքան չեմ էլ խորացել ավտոբուսների վրա ճիշտն ասած»։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր այս պատասխանը։

– Բազմաթիվ քաղաքացիներ զանգում են՝ որպես կուսակցության ներկայացուցիչ, ու այդ հարցով դիմում են՝ բա մենք ո՞նց ենք գնալու, ուզում ենք գնանք, բայց հնարավորություն չունենք, է՛ս-է՛ն, այս կոնտեքստում։ Ես, եթե հնարավոր է լինում՝ մարդկանց փորձում եմ օգնել, այսքան մի բան, դա ի նկատի ունեմ ես, դրանից ոչ ավելի։

– Այս պահի դրությամբ ձեզ շա՞տ քաղաքացիներ են դիմել, ավտոբուսների հետ կապված հարցը լուծվե՞լ է։

– Չէ, չէ, չէ, ավտոբուս բան, տենց ոչ մի բան, ուղղակի իմ շրջապատից, իմ ընկերներից ովքեր մեքենաներով կլինեն, եթե ինչ-որ մեկն ինձ կդիմի, կասի՝ ես հնարավորություն չունեմ գնալու, ինչ-որ մեկին կխնդրեմ՝ հետը տանի, եթե հնարավոր կլինի, ընդամենը դա։

– Քաղաքապետարանի աշխատակիցները ո՞նց են տրամադրված, հանրահավաքին մասնակցելու պարտադրանք կա՞։

– Ես զերծ եմ մնում քաղաքապետարանի աշխատողների հետ այս թեմաներով զրուցել, եթե ինչ-որ մեկը ցանկություն կունենա գնալու՝ դա իր կամքն է։

– Տեղյա՞կ եք, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գալո՞ւ է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքին մասնակցելու։

– Ճիշտն ասած, ես դեռևս չեմ հասցրել տիկին Գասպարյանի հետ զրուցել այս թեմայով, հիմա մի քիչ թեժ աշխատանքային օրեր է, գարուն բացվեց, մենք հիմա մի քիչ շատ աշխատանքի մեջ ենք, կարող է՝ օրվա մեջ չկարողանանք էլ հանդիպել իր հետ…

– Բայց նույն աշխատանքային ժամին գալու եք Երևան։

– Ես այնպես եմ անելու, որ աշխատանքը դրանից չտուժի։

Ստորև ներկայացված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ներկայացած անձի և Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանի հեռախոսազրույցի գրավոր տարբերակը։

«- Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից եմ Ձեզ զանգահարում։