ԱՄՆ ԱԱԳ-ն միջոցներ է ձեռնարկում՝ կանխելու «նոր Սնոուդենի» ի հայտ գալը


08:40 , 9 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար, գեներալ Կիտ Ալեքսանդերն ասել է, որ ապագայում գաղտնի տեղեկությունների արտահոսքը կանխելու նպատակով գործակալության համակարգային ադմինիստրատորներին կփոխարինեն մեքենաները: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:

Նյու Յորքում հանդես գալով միջգերատեսչական կոլեգիայի նիստում՝ Ալեքսանդերն ասել է, որ Ազգային անվտանգության գործակալությունը 90 տոկոսով կկրճատի համակարգային ադմինիստրատորների թվաքանակը, ինչը թույլ կտա կանխել«նոր Սնոուդենի» ի հայտ գալը:

Ներկայում գերատեսչությունում աշխատում են մոտ 1000 համակարգային ադմինիստրատորներ, որոնց գործառույթների մեծ մասը կարելի է հանձնարարել նորագույն տեխնոլոգիաներին՝ ասել է գեներալը:

Բացի այդ, գերատեսչությունը կներմուծի կանոն, համաձայն որի՝ գաղտնի տեղեկության հետ աշխատելիս աշխատակիցներին կհետևեն նրանց գործընկերները: