«Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել». Հասմիկ Կարապետյան


12:30 , 27 փետրվար, 2021

Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ իր ընտանիքն ունի: Ժամանակին  հայկական երգարվեստի ամենաակտիվ անդամներից մեկը տարիների հետ սկսեց պասիվ գործունեություն ծավալել: Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկը խոսել է ընտանիքի, ի սկզբանե ընտանեկան հոգսերի բարդության չափը չգիտակցելու, ամուսնու հետ բախումների, տարիներ առաջ ունեցած դեպրեսիայի ու վախերի մասին:

Հասմիկը նկատեց, երբ ընտանիքը կազմվում է ամուր հիմքերի վրա, լուսավոր ու պայծառ է լինում, թեև չի կարող բացառել, որ, երբեմն ամուր հիմքի վրա ստեղծված ընտանիքը կարող է փլուզվել:

«Ես մի բանում համոզվել եմ՝ ընտանիք պահելն ամենօրյա աշխատանք է: Որքան էլ ընտանիքը բնությունից մեզ տրված հեշտ ու պայծառ երևույթ է, ժամանակակից աշխարհում մարդիկ ամեն ինչ բարդացնում են, ընտանիքը դարձնում ամենօրյա աշխատանք: Իրականում երևույթը հեշտ ու հասկանալի է, իսկ մենք բարդացնում ենք մեր պահանջներով, ակնկալիքներով, սպասումներով: Որպես կանոն՝ մինչև ամուսնանալը զույգն ընտանեկան կյանքի այլ նկարագիր է պատկերացնում, ցավոք սրտի, 99 տոկոսը բախվում են չսպասված նկարագրի և երևույթների: Մտածված է ստեղծված, որ մինչև ամուսնանալն ու առաջին երեք տարին էյֆորիկ սեր լինի, որպեսզի մարդիկ ընտանիք ստեղծեն: Եթե կինն ու տղամարդը նախապես իմանան, թե ինչ է սպասվում իրենց, ոչ բոլորը կամուսնանան»,- ասաց նա:

Երգչուհին անկեղծացավ, որ մինչև ամուսնանալը որոշ բարդություններ պատկերացնում էր, որովհետև ինքն էլ ընտանիք, ամուսնացած ընկերներ է ունեցել, բայց բարդության աստիճանը միայն վերջերս է գիտակցել:

«Երեխաներն ինձ մեծացրին: Հաճախ ասում էին՝ Հասմիկի մեջ մի բան չի մեծանում, անկախ տարիքից, կարծես, երեխա լինի: Այդ ամենն իմ ներաշխարհից էր գալիս, երևի չէի ուզում մեծանալ: Աստված տեսավ՝ չեմ ուզում, բայց պետք է մեծանամ ու ինձ ընտանիք, երեխաներ պարգևեց: Սկզբում բարդ էր, որովհետև չէի ուզում ենթարկվել մեծանալու պահանջին, ուզում էի մնալ այնպիսին, ինչպիսին կայի: Միշտ ինքս եմ եղել իմ գլխի տերը, իսկ ընտանիքում որոշ հարցերում պետք է ամուսնուդ ենթարկվես, իհարկե լավ իմաստով, թեև իմ ամուսինը բնավորությամբ շատ թեթև է, իր հետ շատ հեշտ է, գուցե նրանից է, որ դրսում է մեծացել: Եթե նույնիսկ խիղճս կորցնեի և ամբողջ օրը ոչինչ չանեի, Շանթի հետ խնդիր չէր լինի, մեզ մոտ նման կենցաղային խոսակցություններ չեն լինում: Սակայն տարբերություններ ունենք, որոնք ավելի ակնառու դարձան ընտանեկան կյանքի առաջին 4 տարվա ընթացքում: Վեճերի, բանակցությունների միջոցով գտանք ոսկե միջինը»,- ասաց նա:

Հասմիկը նկատեց, որ թեթև ու ուժեղ բախումներ են ունենում, գալիս է մի պահ՝ մարդը մտածում է, որ չի կարող նման տեսանկյուն ունեցող մարդու հետ ապրել, նույն կերպ ինքը կարող է դիմացինի համար որոշ առումներով անընդունելի դառնալ:

«Երբ այդ տարբերությունների մեջ լինում են մտածելակերպի հիմնասյուներ, որտեղ դուք նույն կերպ եք մտածում, մյուս խիստ տարբերությունները չեն փլուզում ամեն ինչ։ Իմ ու Շանթի դեպքում տարբերությունները մշակութային են՝ պայմանավորված տարբեր երկրներում մեծանալով: Ես շատ եմ կարևորում նաև հարգանքը, որովհետև միայն քիմիական սիրո հիման վրա ստեղծված ընտանիքներն ավելի շուտ են փլուզվում: Հետաքրքիր է, ասում են, թե քիմիական սերն ավելի հզոր է, բայց այդպես չէ: Առաջին երեք տարիներին այդ քիմիական սերը հանդարտվում է, ինչպես ծովի ալեկոծված ալիքները, գալիս է իրականը, եթե այդ իրականից, միմյանց թերությունները տեսնելուց հետո սերը պահպանվում է, հարգանքն ավելանում, կատարյալ վիճակ է ստեղծվում: Մենք հաղթահարել ենք այդ շրջանը: Եթե 7 տարի առաջ հարցնեիք, մտածում էի, որ կարևորը սերն է, քիմիական ռեակցիաները, փորիկի թիթեռնիկները, հիմա հասկանում եմ՝ միայն դրանցով առաջնորդվելը սխալ է»,- ընդգծեց նա:

Երգչուհին նկատեց, որ միշտ ցանկացել է ունենալ ընտանիք, երեխաներ, այդ ցանկությունն այնքան անկեղծ ու մեծ էր, որ տիեզերքն իրականացրեց: «Ինձ համար, երբեմն, շատ դժվար է, որովհետև մինչև ամուսնանալն ապրել եմ արվեստի մեջ, շրջագայել եմ, համերգների մեկնել, իմ ճանապարհին նոր մարդկանց հանդիպել, հետաքրքիր ու խայտաբղետ կյանք և ազատություն եմ ունեցել: Եվ հանկարծ երեխաներս սկսել են ինձ թելադրել ապրել: Բնականաբար, նրանց զարկերակը պետք է իմը լինի, որովհետև եթե կինը չի կարող ապրել երեխաների համար, ավելի լավ է՝ չմայրանա, ընտրի ազատությունը: Շատերը չէին պատկերացնում, որ Հասմիկը կամուսնանա, հիմա զարմացած, գուցե, նախանձով նայում են, որ կարողացա ամուր ընտանիքի լավ մայր լինել, նվիրյալ լինել ընտանիքիս»,- շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: