ՀՀ ՊՆ․ Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայողին հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ


00:54 , 9 օգոստոս, 2013

ՀՀ ՊՆ․ Քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի տարածք անցած հայ զինծառայողին հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբPanARMENIAN.Net -ը գրում է.

Հայկական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համատեղ քայլեր են ձեռնարկում տեղանքում չկողմնորոշվելու պատճառով Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում հայտնված ՊԲ ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ մարդու իրավունքների միջազգային չափանիշների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով նախատեսված բոլոր երաշխիքներն ապահովելու և վերջինիս հնարավոր սեղմ ժամկետում հետ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել էին, որ տեղյակ են հայ զինծառայողի` Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին և հետևում են իրադարձությունների զարգացմանը: Ավելացրել էին, որ Բաքվի գրասենյակի աշխատակիցները ըստ ընթացակարգի կփորձեն այցելել գերուն, բայց այսօր դա հազիվ թե հաջողվի, որովհետև Ադրբեջանում օրը ոչ աշխատանքային է: Ոչ աշխատանքային է նաև առաջիկա 3 օրը։

Ադրբեջանի գերիների, ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովը հաստատել է տեղի ունեցածը: