Հայաստանում իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության. ԵԱՀԿ գործող նախագահ


22:45 , 25 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Լինդեն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Կոչ եմ անում բոլոր կողմերին գործողությունները ձեռնարկել խաղաղ ճանապարհով՝ ժողովրդավարական գործընթացների եւ իրավունքի գերակայության վերաբերյալ ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան։ Իրավիճակը պետք է հանգուցալուծվի առանց բռնության»,- գրել է Լինդեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը: Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել է հանրահավաք, որին հաջորդել է երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել է ընդդիմության հանրահավաքը: