Ողջունում ենք ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը. Արցախի 3 ուժերի հայտարարությունը


15:44 , 25 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝  Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով: Այս մասին հայտարարություն են տարածել Արցախի երեք քաղաքական ուժերը՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն, Արցախի Արդարություն կուսակցությունը եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այդ հայտարարությամբ Հայոց Բանակը վերստին փաստեց ժողովրդական լինելու և երկրի համար այս ծանր իրավիճակում պետականության հիմքերը պաշտպանելու իր պատրաստակամությունը:

Բոլորս մտահոգված ենք Հայոց Բանակի պահանջից հետո Հայաստանի Հանրապետությունում ծավալվող իրադարձություններով և պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի  վարչախմբից զերծ մնալ արկածախնդրությունից և ընդունել  Բանակի և ժողովրդի պահանջը:

Այս իրավիճակում ՀՀ մեր քույրերին և եղբայրներին, պետության ճակատագրով  մտահոգված քաղաքացիներին կոչ ենք անում մերժել քաղաքացիական բախումներ  հրահրող ազգադավ իշխանության սադրանքները և կանգնել Հայոց Բանակի ու Հայրենիքի փրկության շարժման կողքին:

Նժարի վրա է դրված Արցախի, մեր Հայրենիքի և համայն հայության ապագան և միայն նոր իշխանությունների ու համազգային համախմբվածության մթնոլորտում կարելի է հասնել ճգնաժամի հանգուցալուծմանը: