Panorama.am-ը գրում է.
«Զրահաբաճկոնները և ռազմական նշանակության ապրանքները ներկրվում և ձևակերպում են ստանում համապատասխան ընթացակարգով, որն իրենից գաղտնիություն է ենթադրում և ես այդ հարցին հանրային մակարդակով չեմ կարող անդրադառնալ»,- ԱԺ-ում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրերս ներկայացրած 600 դոլարով զրահաբաճկոն ներկրելու փաստի վերաբերյալ լրագրողի հնչեցրած հարցին:
ՊԵԿ նախագահը հավելեց, որ ներմուծման գործընթացում կոռուպցիոն գործընթացներ չեն տեսել և քննություն սկսելու հիմքեր չեն արձանագրել:
Նա հայտնեց, որ չի կարող ասել, թե 600 դոլարով զրահաբաճկոններ ներկրվել են, թե ոչ:
«Առհասարակ ռազմական նշանակության ապրանքների ներկրման ծավալների, քանակների, տեսակների, գների վերաբերյալ հանրային տեղեկատվություն չի կարող ներկայացվել»,- կրկնեց Էդվարդ Հովհաննսիյանը:
Անդրադառնալով Ֆրանսիայից բերված հումանիտար բեռը մինչ օրս չմաքսազերծելու խնդրին՝ ՊԵԿ ղեկավարը հավաստիացրեց, որ խնդիրները մաքսային ձևակերպումների հետ կապված չեն և առհասարակ պատերազմի առաջին օրվանից ուղարկված հումանիտար բեռների մաքսային ձևակերպումների հետ խնդիրներ չեն եղել:
«Ֆրանսիայից հումանիտար բեռը ներմուծվել է հասարակական կազմակերպության անունից և ըստ ՀՀ օերենքների և մաքսային ընթացակարգերը կարգավորող ԵԱՏՄ օրենսդրության՝ ապրանքի մաքսազերծման համար ներկրողն է պարտավոր ներկայացնել որոշակի փաստաթղթեր, առաջին հերթին հայտարարագիր՝ կից փաստաթղթերով, իսկ տվյալ դեպքում դրանք չեն ներկայացվել»,- պարզաբանեց Էդվարդ Հովհաննիսյանը
ՊԵԿ նախագահն իր տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի խաղատուն գնալու փաստի վերաբերյալ էլ հայտարարեց, որ խաղատուն գնալն հակաիրավական արարք չէ և որևէ բան չունի ավելացնելու Մաշադյանի պարզաբանմանը: