Արա Սաղաթելյանը կալանավորվել է


10:43 , 22 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը: Պաշտպանը նշում է, որ որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյան: 

Փետրվարի 19-ի ուշ գիշերը ձերբակալված Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը կասկածվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար։