«Հրապարակ»․ Եթե ՀՀ-ն որևէ հատվածում ունի խնդիր, դա անձնապես իմ խնդիրն է․ Գորիսի քաղաքապետ


11:05 , 20 փետրվար, 2021

«Դավիթ Բեկի գյուղապետ Բենիամին Պողոսյանը, օրինակ, հայտնել էր՝ սյունեցիները լքում են գյուղը, քանի որ անվտանգության երաշխիքներ չկան. 20 երեխայի արդեն հանել են դպրոցից, գյուղացիները վաճառում են իրենց անասունները, քանի որ ո՛չ կարող են անասնապահությամբ զբաղվել, ո՛չ էլ ցանքատարածքներ մշակել։

Սյունիքի մարզպետարանի մամուլի քարտուղարին խնդրեցինք մեզ տրամադրել մարզից արտագաղթի թվերը։ Օրվա վերջին նա հայտնեց՝ նայել են պատերազմից առաջ ու հունվարի թվերը՝ նույնն են, դեռ մի քիչ էլ ավելացել են։ «Մի նրբություն էլ կա․ մենք ունենք նաև Արցախից տեղահանվածներ, բայց անգամ էդ թիվը հանելուց հետո բնակիչների թիվն ավելացել է»։ Սյունիքի համայնքների ղեկավարները մարզում տիրող տրամադրությունների մասին զուսպ են արտահայտվում․ արտագաղթ չկա, մարդիկ իրենց տեղում են։ Դեռևս։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը արտագաղթի մասին հարցին ի պատասխան ասաց՝ սյունեցու թասիբի հարց է, բոլորն էլ «իրանց տեղում են, իրանց առօրյա կյանքով»։

Տեղ խոշորացված գյուղի ղեկավար Ներսես Շադունցը նույն հարցին պատասխանեց․ «Առայժմ՝ չէ, գարունը հեսա բացվում ա, թե հետո ինչ կլինի, չեմ կարա ասեմ»։ Գյուղից արտագաղթ կա՞։ «Մերոնց չեն հանել, սկի որ ուզենան էլ հանել, մերոնք դուրս էլ չեն գա»,- ասաց գյուղապետը։ Բայց որ գյուղի սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէ, գյուղապետը չի թաքցնում։ Ասաց՝ համայնքը սեփական ու համայնքային նշանակության վարելահողերից ու արոտներից 80 հա կորցրել է։ «Իսկ արոտներ․ դրա մասին չեմ էլ խոսում, մեր համայնքի ուղղվածությունը հիմնականում անասնապահությունն ու դաշտավարությունն էր։ Հիմա սա չկա, արդեն լուրջ խնդիրներ են առաջացել»։ Արոտները չկան, իսկ անասուննե՞րը։ Գյուղապետն ասում է, որ պատերազմի պատճառով անասունների 50 տոկոսը պատերազմի ժամանակ և հետո վաճառքի է հանվել։ «Շատ էժան գներով։ Մի մասն էլ մի կերպ, զոռով պահում են, էս պահին մեկը մեկին խանգարելով, մեկը մեկին վնասելով՝ ցորենի դաշտերին, մյուս, պրոբլեմներ։ Դե, մեկը անասուն է պահում, իրա անասունները ստիպված մտնում են մի ֆերմերի դաշտեր, որը դաշտավարությամբ է զբաղվում, նրա ցորենի դաշտը վնասում։ Հնարավոր չի, չի ստացվում, անասունն անլեզու կենդանի ա, չես կարա բացատրես, որ չպիտի մտնես։ Սոված ա, մտնում ա, ի՞նչ անի, կեր չեն կուտակել, բան չեն արել»։  

7-8 գյուղերից բաղկացած խոշորացված համայնքի 50 հազար ոչխարից մնացել է 21 հազար 500 գլուխ։ 30 հազար և ավելին այս ընթացքում էժան գներով վաճառվել է։ Ովքե՞ր են էժան գնով վաճառողները։ Գյուղապետն ասում է՝ տեղացիներ են, չի ճանաչում։ «Պատերազմի ժամանակ էլ, հետո էլ, իրանք եկան, խաբեցին մարդկանց, էժան գներով տարան Երևանի կողմերը, հետո իմացանք, որ մի մասը կանոնակարգված ձևով արտահանել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այսինքն՝ մի հատ տենց կազմակերպված մոտեցում չկար, որ կազմակերպեին, մարդկանց ուղղություն ցույց տային, դիվանագիտական խողովակներ օգտագործեին, նորմալ վաճառք անեին դեպի Իրան»։ Շադունցի խոսքով՝ շատերն իրենց ոչխարները վաճառել են 30 հազար դրամով։ Եվ անգամ մարդիկ կան, որոնց ոչխարները պարտքով տարել են, մինչև հիմա փողերը չեն տվել։ «Տարել են ու շատ խայտառակ ճանապարհով։ Այսինքն՝ մարդը գնացել է, վարկ է վերցրել, 60 հազար դրամով ոչխար ա գնել, որ տանի Արաքսի ափերին պահի, պատերազմը սկսվել ա, էդ մարդը ո՛չ կերի բազա ա ունեցել, որ կեր կուտակի, ո՛չ էլ արոտավայր ունի, ստիպված 25-30 հազար դրամով անասուններին վաճառքի է հանել»։
Բանկերն էլ իրենց տոկոսներն ուզում են։ Գյուղապետը զրույցի վերջում մեր մաղթանքին, որ պինդ մնան, ասաց․ «Հլա որ պինդ ենք, տենանք վերջն ինչ է լինում»։ 

Վազգեն Մանուկյանը նախորդ շաբաթ Ազատության հրապարակում կոչ արեց, որ Երևանից, այլ մարզերից մարդիկ վեր կենան, գնան Սյունիք, որ սյունեցին տեսնի, որ ողջ Հայաստանն իրենց հետ է։ Սյունեցիներն ուրախանո՞ւմ են նման այցերից։ Հարցն ուղղում ենք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որն ասում է՝ որպես ՀՀ քաղաքացու, իր համար կարևոր չէ՝ Գորի՞սը խնդիր ունի, թե՞ Կիրովականը կամ Գյումրին։ «Հայաստանի Հանրապետությունը եթե որևէ հատվածում ունի խնդիր, դա անձնապես իմն է»,- ասում է Առուշ Առուշանյանը։ «Դե, եղել է, որ «իշխանությունից» ու ընդդիմությունից գալիս են»։

Իշխանությունից այսքանից հետո ակնկալիքնե՞ր ունեն։ Առուշանյանի խոսքից դատելով՝ ոչ, քանի որ իշխանությունը ձախողվել է գլխավորում՝ չի կարողացել պահել մեր պատմական հողերը, որպեսզի դրանք չանցնեն թշնամուն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: