Այսքան խճճված մեխանիզմով ավտոկայանատեղի միայն Հայաստանում կարելի է գտնել


14:06 , 8 օգոստոս, 2013

Այսքան խճճված մեխանիզմով ավտոկայանատեղի միայն Հայաստանում կարելի է գտնել: Իսկ մասնավորի 70% գերշահույթ հետապնդումն իր դրած գործից երևի աշխարհի ոչ մի երկրում չկա նման բան: Մարդիկ բիզնես են անում 10% շահ հետապնդելով ու հարստանում են, սրանք մեկից 70 %: Մի խոսքով, հայն իր հայրենիքում որևէ տեղ կայանելու համար պարտավոր է հայրենի տարածքը գնած մասնավորի գրպանը հարստացնել, նրա ախորժակը գոհացնել: Եվրոպայում, ճիշտ է, կայանատեղերը վարձով են, բայց մեխանիզմներ կան. յուրաքանչյուր վարորդ իրավունք ունի 2 ժամ անվճար կայանել, եթե ունի համապատասխան գրություն, որը մեքենայից դուրս գալուց դնում է մեքենայի ապակու ներսի կողմից ու ժամ է նշում, եթե երկու ժամից հետ չեկավ, ուրեմն տուգանք է հասնում, եթե կան մարդիկ, ովքեր չունեն այդ կտրոնները մեքենայի կայանելու համար, կան հատուկ տեղադրված սարքեր, որտեղ գցում են փողը և կտրոն ստանում. նայած թե ինչքան ժամանակով է կայանելու:
Այդ կտրոնը նույնպես դրվում է մեքենայի ներսում` ապակու մոտ, երևացող, եթե ժամն անցնի, ու մեքենայի տերը չգա, հսկիչների կողմից դարձյալ տուգանք է գրվում ու դրվում մեքենայի դիմապակուն` թարթիչների տակ: Եվրոպայում հաշմանդամների համար կան անվճար կայանատեղեր:
Եվրոպայում այդ կայանատեղերի հսկողությունը իրականացնում է ոստիկանության համակարգում գործող հատուկ բաժինը, ոչ թե մասնավոր անձ: Այդ տուգանքներից գոյացած շահույթն ամբողջությամբ գնում է ոստիկանության բյուջեն, ոչ մասնավոր մի մարդու, որն իր գնային քաղաքականությունն է թելադրում, որը ժողովրդի աչքերին թոզ փչելու համար իբր շահույթից ստացած 30% պետք է գնա քաղաքապետարանի բյուջեն: Լավ, բայց ո՞վ է վերահսկելու, թե այդ մասնավոր անձի գոյացած ընդհանուր շահույթն ինչքա՞ն է լինելու ամսական կամ տարեկան կտրվածքով: Այսպիսի մոնոպոլ քաղաքականությունն օրինականացնելը առնվազն կոռուպցիոն մեխանիզմների խրախուսում է նշանակում: