ԵԱՀԿ գործող նախագահը Վրաստանից կմեկնի Մոլդովա. Հայաստան ու Ադրբեջան այց չի նախատեսվում


19:15 , 15 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կատարած այցից հետո կմեկնի Մոլդովա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, նշելով, որ այցի շրջանակներում չի նախատեսվում այցելություն Հայաստան և Ադրբեջան:

«ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Վրաստան կայցելի փետրվարի 16-ին և փետրվարի 17-ին կմեկնի Մոլդովա` բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար: Վրաստան-Մոլդովա այցի շրջանակներում այցելություններ Հայաստան և Ադրբեջան չեն նախատեսվում»,- նշել են մամուլի ծառայությունից:

2021թ. ԵԱՀԿ-ում նախագահում է Շվեդիայի Թագավորությունը: ԵԱՀԿ գործող նախագահը Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն է: