ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. օրակարգում 16 հարց է


10:48 , 11 փետրվար, 2021

Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 11-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց:

Նախօրեին խորհրդարանը Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրեց Լիլիթ Թադեւոսյանին:

Քննարկվեց նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հարցը, որի նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել:

Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարումը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի  նաեւ քրեական գործի հարցման ձեւական փուլը:

Նշենք, որ ԱԺ-ի օրակարգում է նաեւ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցեր և այլ հարցեր։

Կառավարության անդամները «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ փետրվարի 10-ի վերջին նիստում պատասխանեցին պատգամավորների հարցերին: