Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները. Քաղաքապետ


15:26 , 10 փետրվար, 2021

News.am-ը գրում է.

Ձեռք բերված 100 ավտոբուսների առաջին խմբաքանակը հետզհետե համալրում է քաղաքային երթուղիները: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, համայնքի միջոցներով 161 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման մրցույթը ևս դրական ընթացք ունի։ Հաղթող կազմակերպության հետ պայմանագիրը նախատեսվում է կնքել առաջիկայում, որից հետո վեց ամսվա ընթացքում ավտոբուսները կմատակարարվեն։

Քաղաքապետը «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններին հորդորել է վթարավերականգնողական աշխատանքների ժամանակ տարածքներում տեղադրել անհրաժեշտ նշաններ, ինչպես նաև վթարը վերացնելուից հետո հսկողություն իրականացնել տարածքի բարեկարգման որակի ապահովման նկատմամբ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ 2020թ. ծրագրով նախատեսված շուրջ 500 նոր վերելակների տեղադրումն ավարտված է. դրանք հանձնվել են շահագործման:

Շրջիկ առևտրի կետերն արդեն այս տարվանից գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանված է օրենքով, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշմամբ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանն արդեն իսկ տնտեսվարողներից գործունեություն ծավալելու դիմումներ է ստանում: Սահմանված պահանջներին համապատասխանող հայտերն ստանում են թույլտվություն: