«Հրապարակ». Շիրակի նախկին մարզպետին կի՞նն է ստիպել հրաժարական տալ


10:31 , 10 փետրվար, 2021

Շաբաթներ առաջ Շիրակի մարզպետի պաշտոնից ազատված Տիգրան Պետրոսյանի հրաժարականի մասին մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ նախկին մարզպետը չի դիմացել հանրային ճնշմանը, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հայկական կողմից 62 անձ էր Ադրբեջանը գերեվարել՝ բոլորը Շիրակի մարզից։ Գերիների ծնողները, հարազատներն ու բարեկամները մարզպետին օրուարեւ չեն տվել, անընդհատ այցելել են մարզպետարան, նրա տուն, եւ նա չի դիմացել ճնշումներին՝ դիմում է գրել։

Սակայն օրերս տեղեկացանք, որ Տիգրան Պետրոսյանի հրաժարականի գլխավոր պատճառը եղել է սեփական կինը։ Նա շրջապատի կողմից ուղղակի տեռորի է ենթարկվել եւ ամուսնուն համոզել է պաշտոնից հրաժարվել, քանի որ ինքը չի ուզում «թուրքին հայրենիք հանձնած» իշխանության ներկայացուցչի հետ ապրել, ասել է՝ փողոց չեմ կարողանում դուրս գալ։ Ամուսինը տեղի է տվել։

Երեկ Պետրոսյանը մեր լրագրողին ասել է, որ իր հրաժարականի պատճառների մասին կխոսի շուտով՝ հրավիրվելիք ասուլիսի ընթացքում։ «Իսկ ընտանեկան զրույցների մասին որեւէ մեկը չի կարող իմանալ»,- ասել է նա ի պատասխան հարցին, թե ճի՞շտ է, որ կնոջ հորդորով է դիմում գրել։