Ապօրինի ընտրված ՍԴ նախագահի ապօրինի որոշումների անվերջանալի շղթան


21:23 , 7 փետրվար, 2021

Pastinfo.am-ը գրում է․

2020 թվականին Ազգային ժողովի կողմից իրականացված հակասահմանադրական փոփոխությունների հետևանքով, ապօրինի կերպով դադարեցվեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները, ինչպես նաև պաշտոնազրկվեցին ՍԴ երեք դատավորներ Ալիվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը։

Այդ գործընթացից հետո ՍԴ փաստացի ղեկավարումն իր վրա է վերցրել Սահմանադրական դատարանի պատմության մեջ հայտնի առաջին ոչ լեգիտիմ դատավոր, ՀԱԿ կուսակցության ակտիվիստ Վահե Գրիգորյանը։

Այն պահին, երբ ընթացակարգային խախտումներով ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրեց Արման Դիլանյանը՝ հրապարակայնորեն խոստանալով Վահե Գրիգորյանի առջև, որ առնվազն երկու տարի հետո նա հրաժարական կտա այդ պաշտոնից ՝ իր տեղը զիջելով վերջինիս։ Իսկ մինչ այդ Արման Դիլանյանը հլու հնազանդ կերպով կատարում է Վահե Գրիգորյանի բոլոր հանձնարարությունները, իր բոլոր գործողություններն ու որոշումները ընդունում է առնվազն վերջինիս հետ համաձայնեցված, եթե ոչ ուղիղ ցուցումով և հանձնարարություններով։ Արման Դիլանյանի առջև Վահե Գրիգորյանի կողմից խնդիր էր դրված շտապ կարգով պաշտոններից ազատել Հրայր Թովմասյանի հետ առնչություն ունեցած բոլոր պաշտոնյաններին (ի դեպ Հրայր Թովմասյանը կարողացել էր իր շուրջը համախմբել իրենց գործի գիտակ թերևս լավագույն մասնագետներին)։

ՍԴ նախագահի պաշտոնը ապօրինի ստանձնելուց հետո` Արման Դիլանյանի կարգադրություններով իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՍԴ նախագահի խորհրդականներ, սահմանադրական իրավունքի փայլուն մասնագետներ և բացառիկ իրավաբաններ Գրիգոր Մուրադյանը, Վարդան Պետրոսյանը և Հրայր Ղուկասյանը։ Պաշտոններից ազատվել են նաև ՍԴ նախագահի օգնականները։ Առանց իրավական պատշաճ ձևակերպումների պաշտոնազրկվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ Ի դեպ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ու ՍԴ նախագահի խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը, Հրայր Ղուկասյանն ու Վարդան Պետրոսյանը դատական կարգով բողոքարկել են իրենց պաշտոնից ազատման որոշումները, որոնք ՀՀ վարչական դատարանն ընդունել է վարույթ և առաջիկայում սպասվում են դատական գործընթացներ։ Պարզվում է, որ Արման Դիլանյանին ապօրինությունների մղելու Վահե Գրիգորյանի պահանջները դրանով չեն սահմանափակվել։ Սահմանադրական դատարանի կայքը հուշում է վերջին օրերին ընդունված նոր իրավախախտումների մասին։ Սահմանադրական դատարանի աշխատակազմում Արման Դիլանյանի կարգադրությամբ ստեղծվել է մի նոր պաշտոն, որի գոյությունը սահմանված չէ որևէ օրենքով և իրավական ակտերով։ Մասնավորապես, նրա կարգադրությամբ ստեղծվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ պաշտոն, որում նշանակվել է ՍԴ աշխատակազմի գնումների հարցերով զբաղվող նախկին մասնագետ Անրի Մարությանը։

Իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան ունեցող ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը, հավանաբար, ժամանակ չեն ունեցել տեղեկանալու «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գոյության կամ դրանում ամրագրված դրույթների մասին։ Հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեին առնչվել այն իրողության հետ, որ այդ օրենքում պետական պաշտոնների դասակարգման մեջ որևէ հիշատակում չկա ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնի գոյության մասին։ Ի դեպ, եթե օրենքի 6-րդ հոդվածում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարների, Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարների, մարզպետների պաշտոնների հետ միասին որպես վարչական պաշտոն նշվում է նաև նրանց տեղակալների պաշտոնները, ապա դատական դեպարտամենտի ղեկավարի և Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պարագայում օրենքը չի նախատեսում տեղակալների պաշտոններ։ Փաստորեն, եթե օրենքը նման պաշտոն չի սահմանում, հետևաբար պարզ չէ, թե այդ պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությամբ ինչ դասակարգման մեջ կարող է լինել (քաղաքական, վարչական, հայեցողական, թե մասնագիտական) և ինչ պահանջներ կարող են ներկայացվել այդ պաշտոնը զբաղեցնող անձին։

Հատկանշական է, որ խնդիրը չեն նկատել նաև ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որի կայքում Անրի Մարությանը նշված է իբրև ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, որը դեռևս չի ներկայացրել պաշտոնը ստանձնելու իր հայտարարագրերը։ Ի դեպ, օրենքով վարչական պաշտոններ զբաղեցնողների համար պահանջվում է բարձրագույն կրթություն։ ՍԴ կայքում էլ որևէ տեղեկատվություն չկա ո՛չ ՍԴ աշխատակազմի ղեկավարի, ո՛չ էլ նրա «տեղակալ»-ի կենսագրության մասին, որով, հավանաբար, խնամքով թաքցնում են ՍԴ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ «տեղակալ»-ի բարձրագույն կրթություն չունենալու հանգամանքը։ Ստացվում է, որ ապօրինի ճանապարհով ՍԴ նախագահ դարձած Արման Դիլանյանին այնքան է դուր եկել օրենքից դուրս դաշտում գործելը, որ որոշել է իրեն օրենքից վեր դասել, ստեղծել օրենքով չնախատեսված պաշտոններ և դրանցում նշանակումներ կատարել օրենքներին պահանջներին չհամապատասխանող յուրայիններին։ Լուսանկարում՝ ասֆալտին «փռված» են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և օրենքով գոյություն չունեցող պաշտոնում նրա կողմից վերջերս նշանակված ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անրի Մարությանը։

Պարզվում է մարդիկ ժամանակին են զգացել «ասֆալտին փռվելու» կարևորությունը, ինչի արդյունքում հասել են բարձր դիրքերի։ Կարելի է պատկերացնել նրանց հաջողությունները կամովին «պատերին ծեփվելուց» հետո։

Լուսանկարը՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակված Անրի Մարությանի Facebook-ի էջից։