«Ադրբեջանի պահվածքը մազոխիզմի դրսևորման պարզ օրինակ է»


17:47 , 7 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

«Նման գործողություններով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է «ոգի հաղորդել» սեփական բանակին, ցույց տալ, թե ի վիճակի է խնդիր լուծել, այնինչ իրականում, Ադրբեջանն ամեն անգամ այդպիսի քայլեր ձեռնարկելով հետ քայլ է անում»,- Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով սահմանագծում տիրող լարված իրավիճակը, նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով երեք հայ զինծառայող վիրավորվել է:

Այս միջադեպը հատկանշական է նրանով, որ նույն օրերին ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբում նոր համանախագահ նշանակեց, իսկ Ադրբեջանն արդեն ավանդույթ է դարձրել նմանատիպ կարևոր իրադարձությունների ժամանակ շփման գծում ագրեսիվ քայլերի գնալը:

«Նոր համանախագահը բավականին հարուստ կենսագրություն ունի, աշխատել է աշխարհի տարբեր «թեժ կետերում»՝ Աֆղանստան, Պակիստան, որտեղ բավականին շատ ահաբեկչական գործողություններ են իրականացվում: Կարծում եմ՝ նա դեռ կհամոզվի, որ այդ ահաբեկչական գործողությունները հատուկ են նաև Ադրբեջանին»,- նշեց Բաբայանը:

Նրա խոսքով՝ ամենատարօրինակն այն է, որ Ադրբեջանը շարունակում է նույն ոճով առաջնորդվել՝ առաջին հերթին վնասելով հենց իրեն:

«Ադրբեջանի պահվածքը մազոխիզմի դրսևորման պարզ օրինակ է. Պաշտոնական Բաքուն իր քայլերով իրեն ցավ է պատճառում և դրանից հաճույք ստանում: Շատ զարմանալի իրավիճակ է, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հավելեց Դ. Բաբայանը: