Բելգիայի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել իրանցի դիվանագետին


20:36 , 4 փետրվար, 2021

Armenpress.am-ը գրում է․

Բելգիայի դատարանը իրանցի դիվանագետ Ասադուլա Ասադիին 20 տարվա ազատազրկման է դատապարտել 2018 թվականին Ֆրանսիայում իրանցի ընդդիմադիրների հանդիպման ժամանակ ահաբեկչություն ծրագրելու գործով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով բելգիական լրատվամիջոցներին, Ասադիի հետ միասին մեղավոր են ճանաչվել ևս երեք հոգի։

Գործով դատապարտյալներին մեղադրել են «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության առաջնորդների դեմ ահաբեկչություն ծրագրելու մեջ, որը հանդես է գալիս Թեհրանի իշխանությունների դեմ: Ասադին ձերբակալվել է Գերմանիայում և արտահանձնվել Բելգիա:

Իրանցի դիվանագետը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները և ներկա չի եղել դատական նիստերին։ Ասադին իր խոսքերը փոխանցել է փաստաբանի միջոցով ՝ նշելով, որ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն։

Սա առաջին դեպքն է, երբ իրանցի դիվանագետին դատում են Եվրամիության երկրում ։ Ֆրանսիան պնդում է, որ Ասադին իրանական հետախուզության աշխատակից է ։ Իրանն իր հերթին հերքում է Ասադիի հասցեին մեղադրանքները։