Աղբյուր․ Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո


18:07 , 2 փետրվար, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ և հանդես գալ ԱՄՆ դրոշի ներքո:  Այս մասին գրում է Mediaport տելեգրամ-ալիքը՝ նշելով, որ ըստ տեղեկությունների պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չկատարած խոստումն է:

«Վարչապետ դառնալու առաջին ամիսներին Փաշինյանը հանդիպել է Արոնյանին և խոստացել, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի Լևոնը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց ինչպես սպասելի է, նա իր խոստումը չի կատարել»,- գրում է Mediaport-ը:

Տեղեկության իսկությունը  ArmSport-ը փորձել է ճշտել անձամբ Արոնյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել չի հաջողվել։

Փորձեցինք կապ հաստատել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ․ վերջինս ևս զանգերին չի պատասխանում։