Մոսկվայի կենտրոնում Նավալնիին աջակցող ակցիայի ժամանակ հավաքվել է շուրջ 300 մարդ


16:18 , 31 հունվար, 2021

Մոսկվայի կենտրոնում չարտոնագրված ակցիայի մասնակիցների թիվն այժմ կազմում է շուրջ 300 մարդ: Այդ մասին ՏԱՍՍ-ի լրագրողներին հայտնել են Մոսկվայի տարածաշրջանային անվտանգության դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

ՏԱՍՍ-ի թղթակիցների հաղորդմամբ՝ ոստիկանությունն ու հատուկջոկատայիններն անցկացնում են զանգվածային բերման ենթարկումներ Մոսկվայում, իսկ մասնակիցներից մի քանիսը դիմադրություն են ցուցաբերում իրավապահներին: Բերման ենթարկվածների շրջանում նաեւ լրագրող Նիկոլայ Սվանիձեն էր, սակայն նրան արդեն ազատ են արձակել:

Ոստիկանությունը բարձրախոսերով նախազգուշացնում է հավաքվածներին օրենքը խախտելու մասին: «Ուշադրություն բոլոր հավաքվածներին, լքեք չարտոնագրված միջոցառումը: Հորդորում ենք չստեղծել զանգվածային կուտակումներ նոր կորոնավիրուսից խուսափելու համար: Պահպանեք սոցիալական հեռավորությունը, կրեք դիմակներ եւ ձեռնոցներ: Մնալով այստեղ՝ դուք խախտում եք օրենքը»,-նախազգուշացրել են ոստիկանները:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի կենտրոնում ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել շուրջ 10 մարդ: