Այս կառույցների հորդորներով էր, որ նորաստեղծ Հայաստանի ապիկար կառավարիչները, դրանց հակապետական լիբերալ գաղափարները սերտելով` նախաձեռնեցին սեփականաշնորհման կազմաքանդող գործընթացներ


02:54 , 30 հունվար, 2021
Անգլիացի տնտեսագետ Զոն Մեյնարդ Քեյնսին շատերը գիտեն: Նա հատկապես հայտնի դարձավ երկրորդ աշխարհամարտից հետո` աշխարհի նոր տնտեսական կարգի ձևավորման մեջ նշանակալի մասնակցությամբ: Աշխարհի այս նոր կառուցակարգի առանցքում առևտրային և ֆինանսական հարաբերություններն էին, իսկ սրա շուրջ ձեռք բերված համաձայնության արդյունքում 1944-ին հիմնադրվեցին երկու միջազգային կառույց` Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը (սա Համաշխարհային Բանկն է) և Արժույթի Միջազգային Հիմնադրամը:
Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած տնտեսական կարգի և դրանց կրող վերոնշյալ կառույցների գաղափարական հիմնադիր են դիտարկվում երկու անձ: Դրանցից մեկի անունը արդեն նշեցի, իսկ մյուսը Հարրի Դեքստեր Վայթն է: Նա ամերիկացի էր, ծագումով լիտվացի, աշխատում էր ԱՄՆ Գանձապետարանում, Հարվարդի համալսարանի շրջանավարտ էր, տնտեսագիտության դոկտորի կոչումով:
Ի դեպ, ԱՄՆ Գանձապետարանը մեր ֆինանսների նախարարության համարժեքն է, որի կառավարման տակ է նաև, մեր լեզվով ասած, հարկայինը. Ի լրումն սրա, ԱՄՆ-ում փող տպելու իրավասությունը նույնպես այս կառույցինն է, այլ ոչ նրանց կենտրոնական բանկինը (անվանում են` Ֆեդերալ Ռեզերվ):
Եվ Քեյնսը և Վայթը, մեկը բրիտանական, իսկ մյուսը ամերիկյան շահեր սպասարկող, աշխարհի տնտեսական կարգի իրենց պլանն էին գծել: Ամերիկյան կողմին հաջողվեց աշխարհին մատուցել Վայթի առաջարկած մեխանիզմը, որը Քեյնսի առաջարկածից տարբերվում էր նրանով, որ աշխարհի տնտեսական կարգի առանցքը պետք է լիներ ամերիկյան արժույթը` դոլարը, հետևաբար Արժույթի Միջազգային Հիմնադրամ (ԱՄՀ) կոչվածը հիմնադրվեց ոչ թե որպես միջազգային անկախ կառույց այլ ամերիկյան ազդեցությամբ կառույց, որի հրապարակված նպատակն է աշխարհում ֆինանսական կայունությունը: Հետագայում ԱՄՀ-ն իր սեփական երևակայական արժույթը ստեղծեց (SDR` հատուկ փոխանակային իրավունք), որը փոխարկելի է այլ ազատ շրջանառվող արժույթների: Հարկ է նշել, որ SDR-ի զամբյուղը կազմող չորս արժույթներին 2016 թվականից միացել է նաև չինական յուանը: Սա աշխարհում տնտեսական մեծ կշիռ ունենալու հետևանք է, կնշանակի Չինաստանի հզոր դառնալու ցուցիչ:
Ի դեպ, Հայաստանը SDR-ով վերցրած շատ վարկեր ունի:
Չնայած նրան, որ այս կառույցները ստեղծվել էին աշխարհում ֆինանսական կայունության, առևտրային հարաբերությունների ձևավորման և խթանման, նաև տնտեսական զարգացման նպատակով, դրանց իրական նպատակը աշխարհի ուժեղների շահերի սպասարկումն էր և աշխարհին իրենց խաղի կանոնների թելադրումը:
Հետաքրքրական է, որ այն գլխավոր դերակատարը, որ Քեյնսի հետ միասին այս համակարգի հիմնադիրն է հանդիսանում, սրա ստեղծումից ընդամենը մի քանի տարի անց մեղադրվում է շպիոնաժի մեջ: Մասնավորապես, նրան կասկածում էին Սովետական Միությանը գաղտնի տվյալների տրամադրման մեջ, այսինքն կասկածում էին ԽՍՀՄ գործակալ լինելու մեջ: ԱՄՆ Գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ այս կասկածները ծագում են նրանից հետո, երբ նրա ջանքերով 1944-ին այս կառույցների ստեղծման հավաքին ներկա է գտնվում նաև Իոսիֆ Ստալինը: Վայթը համոզված էր, որ չնայած ԽՍՀՄ-ը չունի ազատ առևտրի և ֆինանսական միջոցների շրջանառության համակարգ, կարևոր է, որ նա ԱՄՀ մասնակից` անդամ դառնա:
Վայթին մեղադրանք ներկայացնելուց և հարցաքննելուց երեք օր անց նա մահանում է իր տանը սրտի կանգից: Վարկածներ կան, որ նրան սպանել են: Նա ի դեպ, որոշակի ստվերային կառույցների անդամ էր, ինչն ավելի էր սրում նրա անձի շուրջ կասկածները:
Այս պատմությունը ավելի հետաքրքրական է դառնում հետևյալի համար: Հարվարդի Համալսարանի դասախոս, տնտեսագետ Դանի Ռոդրիգը իր գրքերից մեկում (հրապարակված 2015 թվականին) հետևյալ միտքն է գրում: Նույնիսկ եթե Վայթը գործակալ էր, նրա ստեղծած համակարգը և այս երկու կառույցները` ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը, ավելի քան երեք տասնամյակ շատ լավ ծառայեցին ԱՄՆ-ի և արևմտյան մնացյալ աշխարհի տնտեսական շահերին:
Հավելեմ, որ այս կառույցների հորդորներով էր, որ նորաստեղծ Հայաստանի ապիկար կառավարիչները, դրանց հակապետական լիբերալ գաղափարները սերտելով` նախաձեռնեցին սեփականաշնորհման կազմաքանդող գործընթացներ, և դրա ձախողված բնույթով էր նաև պայմանավորված, որ Հայաստանում առաջացան օլիգարխներ: