Դամասկոսի համալսարանի մարգարեները. Արեւելքի վերաձեւումը


12:05 , 7 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Արաբական աշխարհում երկու ճանաչված համալսարանական կենտրոն կա, որտեղ ազատ մտածողությունը էքստրավագանտ ինչ որ բան չէ: Մեկը Կահիրեն է, մյուսը՝ Բեյրութը: Սրանք երկու բացարձակ տարբեր քաղաքներ են, երկու տարբեր քաղաքակրթություններ, սակայն արաբական աշխարհի մյուս ճանաչված կենտրոններից նրանք առանձնանում են ազատ մտածողության եւ վարքի ավանդույթներով:

Միեւնույն ժամանակ, պակաս հետաքրքրական չէ Դամասկոսը՝ Մեծ Լեւանտի կենտրոնը, որի պետական համալսարանն առանձնանում է լիբերալիզմի եւ կրթական բարձր մշակույթի ավանդույթներով: Դա փոքր ինչ տարօրինակ է հնչում, քանի որ Սիրիան, իհարկե, տոտալիտար երկիր է, չնայած այդ ոճը բավական ֆորմալ է: Ամեն դեպքում, Դամասկոսի համալսարանը մի վայր է, որտեղ կուտակվում են արաբական աշխարհի շատ հայեցակարգեր, որտեղից տարծավում են նույնիսկ ոչ թե քաղաքական, այլ քաղաքական-քաղաքակրթական գաղափարներ:

Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ Դամասկոսի համալսարանի իրական դիրքորոշումը ձեւակերպելը բավական բարդ է. քաղաքացիական եւ ռազմական հակամարտությունից ի վեր համալսարանը կարծես թե իշխող վարչակարգին չէր պաշտպանում, սակայն ամեն ինչ արեց, որպեսզի Բաշար Ասադի դիրքերն ամրապնդվեն: Ամենեւին էլ հակասական չէ, այլ քաղաքական, հաշվարկված ու ռացիոնալ:

Դա կարեւոր ազդանշան էր սիրիական հասարակության ողջ կրթված եւ ինտելեկտուալ հատվածի համար: Համալսարանը պետական պատասխանատվության դիրքորոշում ստանձնեց, եւ դա ըստ արժանվույն է գնահատվել սիրիացիների կողմից: Ընդ որում, պետք է նշել, որ պրոֆեսորների եւ դասավանդողների դավանաբանական տարբերություններով հանդերձ, նրանց մեծամասնությունը սուննի են:

Դամասկոսի համալսարանի պրոֆեսորների հետ շփումը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացնում, սակայն եթե նախկինում նրանք գերադասում էին առավել զուսպ արտահայտվել, ապա այժմ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել համալսարանական մթնոլորտում, եւ քաղաքականապես ակտիվ մարդկանց խմբեր են ձեւավորվում:

Դամասկոսի համալսարանի պրոֆեսորների ներկայիս գաղափարներն ու հայացքները կարելի է բաժանել հետեւյալ խմբերի.

- Մերձավոր Արեւելքը պետությանների ձեւավորման նոր փուլի առաջ է, ինչի հետեւանքով ոչ միայն նոր սահմաններ են ձեւակերպվելու, այլ նաեւ «արաբական ազգերի» նոր ձեւաչափեր: Դրանում շահագրգռված են ոչ միայն արտաքին ուժերը, այլ նաեւ շատ խմբավորումներ արաբական երկրներում;

- Մերձավոր Արեւելքի վերաձեւումը չի սահմանափակվում արաբական երկրներով, այդ քաղաքականության գոտում է նաեւ Թուրքիան, եւ այդ ուղղությամբ այժմ աշխատում է գործնականում ողջ աշխարհը, այդ թվում նաեւ ակտուալ արաբական քաղաքական խմբավորումները;

- Սիրիան միասնական պետություն կմնա, սակայն նրա հետագա գոյությունը կապված է լինելու ֆեդերալիզմի եւ ժողովրդավարության արագ զարգացման հետ;

- Նոր կոնֆիգուրացիայի ստեղծումը, իհարկե, տեղի կունենա բնակչության դավանաբանական տարբերությունները հաշվի առնելով: Նույնիսկ Իրաքը միասնական, սակայն դաշնային պետություն կմնա: Պետությունների ստեղծումը տեղի կունենա ավելի ուշ (այժմ բոլոր էլիտաները հասկանում են, որ էթնիկ եւ դավանաբանական հատկանիշներով պետությունների բաժանումը հսկայական տնտեսական խնդիրների կհանգեցնի);

- ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների շահագրգռվածությունը մեծացել է Մերձավոր Արեւելքի վերաձեւման հարցում, քանի որ այն հետագայում չի կարողանա ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանում ներկայիս սահմանների պայմաններում;

- ԱՄՆ-ը այլեւս չի կարող հենվել Սաուդյան Արաբիայի վրա եւ գործանականում նրան ժանդարմի դեր է տրված տարածաշրջանում, այսինքն, դեր, որը չի կարող կատարել, այդ պատճառով եկել է Մերձավոր Արեւելքը սոցիալ-քաղաքական արմատականացման ենթարկելու ժամանակը;

- Արմատականացումն արտաքին նախաձեռնության հետեւանք չէ, այլ բացառապես առաջ է քաշվել ներքին քաղաքական ուժերի կողմից, եւ արտաքին գործընկերները միայն օգտվել են դրանից;

- Մի շարք արաբական երկրներում քաղաքական շատ խմբեր շահագրգռված են ԱՄՆ միջամտությամբ եւ բացարձակապես չեն ընդունի Սաուդյան Արաբիայի միջամտությունը, սակայն եթե նման տրամադրություններ կան, ապա նույնիսկ Բ. Օբամայի «մեկուսացման կողմնակից» թիմը ստիպված կլինի ակտիվանալ տարածաշրջանում;

- Լիբանանը պահպանվելու է որպես ամբողջական պետություն, որովհետեւ անկումը կհանգեցնի տարածաշրջանային պատերազմի: Լիբանանի գոյությամբ շահագրգռված են տարածաշրջանի եւ Արեւմուտքի բոլոր պետությունները;

- Տարածաշրջանում քրիստոնյաների վիճակը կվատանա, սակայն ժամանակի ընթացքում Սիրիայի դաշնայնացման ու Իրաքում շիաների դերի մեծացման հետ մեկտեղ քրիստոնյաների դրությունը կկայունանա;

- Նկատելիորեն կաճի Իրաքի եւ նրան աջակցող Իրանի դերը, որոնք Արեւմուտքին լրիվ նոր առաջնահերթություններ ու խնդիրներ կառաջարկեն, եւ դրանք կընդունվեն եվրոպացիների ու ամերիկացիների կողմից;

- Իսրայելը համակերպվելու է Պաղեստինում արաբական պետության ստեղծման հետ եւ ինտեգրվելու է սուննի արաբական աշխարհին, եւ ժամանակի ընթացքում կորցնելու է իր էթնոդավանական եւ պետական ինքնությունը;

- Սիրիայում ռազմական հակամարտության հիմնական փուլի ավարտից հետո երկիրն աշխարհքաղաքական եւ սոցիալ-գաղափարական մասով կկողմնորոշվի դեպի Եվրամիություն, եւ ինչ-որ չափով Սիրիայում եւ Լիբանանում կուժեղանա Ֆրանսիայի, հնարավոր է նաեւ Գերմանիայի դերը: Ուժեղ ազդեցություն կունենան նաեւ Իրանն ու Իրաքը;

- Հյուսիսային Միջագետքի սուննի բնակչությունը, ներառյալ սիրիական եւ իրաքյան հողերը, կնախընտրեն նոր պետության ստեղծումը;

- Սաուդյան Արաբիան 3 պետության կբաժանվի, եւ պայքարն անշուշտ կծավալվի նավթի ու կուտակված հարստության շուրջ: Պարսից ծոցի շրջանում շիա պետություն կստեղծվի;

- ԱՄՆ-ը, հասկանալով, որ սուննի պետությունների վրա խաղադրույք անելը սպառել է իրեն, կգերադասի հավասարեցնել Մերձավոր Արեւելքում սուննի եւ շիա պետությունների դերն ու նշանակությունը: Ամերիկացիները Թուրքիային հակազդելու, իսկ հետո նաեւ մասնատելու նպատակների համար շիա պետությունների բլոկի կարիք կունենան;

- Հյուսիսային Աֆրիկայում եւ «դասական» Մերձավոր Արեւելքում կուժեղանա Եվրամիության դերը, արաբական պետություների մեծ մասը կարդիականանան եւ կարեւմտականացվեն, ինչն արդեն ընթանում է արագ տեմպերով: Քաղաքական իսլամի դրությունը կկայունանա մտածողության ռացիոնալացման եւ նոր միջին դասի ծագման հիման վրա;

- Քրդերը ԱՄՆ եւ Եվրոպայի ուժեղ ազդեցությամբ միասնական պետություն կստեղծեն Իրաքում եւ Սիրիայում, ինչպես նաեւ ինքնավարություն Թուրքիայում՝ որպես քայլ ինքնիշխան պետության ստեղծման ճանապարհին;

- Չինաստանը կդառնա Մերձավոր Արեւելքի երկրների առաջատար տնտեսական գործընկերը, սակայն տարածաշրջանում Չինաստանի քաղաքական ներկայությունը լուրջ խնդիրների է բախվելու:

Պետք է ասել, որ Դամասկոսի համալսարանի «մարգարեները» 13 տարվա շփման ընթացքում Մերձավոր Արեւելքի եւ հարեւան տարածաշրջանների շատ գործընթացների եւ իրադարձությունների բավական մանրամասն եւ ադեկվատ կանխատեսումներ են արել: Այժմ, երբ Արեւմտյան հանրության առաջատար պետությունների քաղաքագետներն ու վերլուծաբանները ստորագրել են իրենց պրոֆեսիոնալ անկարողության տակ, արժե, որ ավելի շատ հետեւեն արաբական ինտելեկտուալ կենտրոնների կարծիքներին: