Պետք է բացահայտել այս պատերազմի դավաճանական հանգույցները, իմ որդին և մյուս հերոսները հաղթել են՝ անմահանալով, պարտվել է դիվանագիտությունը. Խաչիկ Մանուկյան (Video)


21:16 , 26 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Այս պատերազմում ես մեր զորքի հաղթականությունն եմ տեսել, ճիշտ է՝ տեխնիկական առավելությունը թշնամու կողմն էր, բայց մեր զինվորները քաջեր էին, որդիս էլ իր կյանքն է նվիրաբերել հայրենիքին, ես տեսել եմ ապագա հաղթանակներ, որ ունենալու ենք այդ զորքով, իսկ մեր դիվանագիտությունը խայտառակ պարտություն կրեց. մի՞թե աշխարհը մեզ այնքան էր արհամարհում, որ որևէ նեցուկ չունեինք, միայն սուտ հայտարարություններ լսեցինք, ոչինչ էլ չարվեց: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել բանաստեղծ, պատերազմում որդուն կորցրած Խաչիկ Մանուկյանը:

«Ո՞րն էր դիվանագիտական հաղթանակը, այն, որ նախկինում ՌԴ դրոշն այրո՞ւմ էին դեսպանատան դիմաց, թե՞ որ «Հուզանք ու զանգ» էին խաղում՝ մետրոյի կայարանամերձ հատվածում թավալվելով: Ուր է թե այսօր իրական, բարձր արժեքներ հնչեցնեին: Մեր կողքին դասական պոետ է ապրում՝ Ռազմիկ Դավոյանը, նրա 80-ամյակը նույնիսկ չշնորհավորեցին: Եթե չկարողանանք բացել դավաճանության հանգույցները, մեր գենի շարունակումը կասկածի տակ կմնա: Սա զինվորի պարտությունը չէր, չունենալով տեխնիկա՝ զորքը մեծ ուժ ու ոգեղենություն ուներ»,- ասել է բանաստեղծը:

Ըստ Մանուկյանի՝ անգամ պարտիզանական գործողություններով մենք վնաս էինք հասցնում թշնամուն և կարող էինք հաղթանակի հասնել. «Որդիս՝ Վաչագանը, Հայաստանը տեսնում էր իր պատմական մեծության մեջ, հիանում էր Նժդեհով, խորությամբ ուսումնասիրել էր նրան: Զարթոնքը լինելու է ոչ թե ապրողներով, այլ Եռաբլուրով, ոչ մի դավաճան չի դիմանա նրանց դեմ, իրենք այդ հաղթական շունչը բերել են, այն ժայթքելու է, նրանց սխրանքները վեր են դասվելու բոլոր մանր-մունր, փալասի պես թավալվող, դրսից թելադրվող ուժերից: Մենք պիտի սթափվենք, զսպենք այն տականքին, որը հայտարարում է, թե տարիներ շարունակ ուրիշի տարածքում տուն ենք կառուցել: Իմ սերունդը նմաններին երկրից դուրս կվռնդեր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ