«Հրաժարական, միևնույն է, լինելու է․ չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնելու». Վազգեն Մանուկյանի հանդիպումը Արարատի մարզի բնակիչների հետ


14:09 , 26 հունվար, 2021

Բնական է, որ ժողովրդի մեջ կան մարդիկ, որ Նիկոլին են պաշտպանում։ Ես կարծում եմ՝ այդ մարդկանց հետ պետք է լուրջ աշխատանք տանել, բացատրել՝ ինչն ինչոց է։ Այս մասին Արարատի մարզում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով դեպքին, երբ մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են շարժման մուտքը մարզերից մեկը։

«Նրանք մեր քաղաքացիներն են, և կան քաղաքացիներ, որ բոլոր իշխանությունների ժամանակ, շահից ելնելով, խուժանություն են անում ընդդիմության դեմ։ Այդ մարդիկ էին հավաքված, և ես նրանց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի: Հետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հսկայական բաներ են տեղի ունենում, ձեզ հետաքրքրում է այս մի բառը։ Այո՛, ես ասել եմ, հետո «բոմժերից» ներողություն եմ խնդրել, որովհետև անօթևան մարդկանց խիստ վիրավորել եմ՝ համեմատելով նրանց հետ»,- ասաց Մանուկյանը։

Հարցին՝ «Հայրենիքի փրկությանը շարժումն» իր ֆորմատը փոխելո՞ւ է, քանի որ հասարակության մոտ տպավորություն է, որ շարժումը մաշեցրել է պայքարի հնարավորությունը, Մանուկյանն արձագանքեց, թե դա հասարակության կարծիքը չէ։

Հարցին՝ արդյո՞ք չձախողվեց փողոցային պայքարը, ինչո՞ւ անցան հանդիպումների ձևաչափին, Մանուկյանը պատասխանեց․ «Ամեն ինչ իր տեղն ունի։ Այն էլ կլինի, սա էլ կլինի»։

Հարցին՝ իսկ շարժման առաջնորդների միջև խնդիրներ չկա՞ն, Մանուկյանը բացասական պատասխան տվեց։ Դիտարկմանը, թե, օրինակ, մամուլում հրապարակումներ են լինում, որ «Բարգավաճ Հայաստանը» Մանուկյանին չի ընդունում որպես վարչապետի թեկնածու, Մանուկյանը պատասխանեց, թե առաջին անգամ է լսում նման բան․ «Դա հնարովի է»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ, կարծես թե, իշխանությունները հրաժարականի մտադրություն չունեն, նաև խոսվում է նոր նշանակումների, կադրային փոփոխությունների մասին, Մանուկյանն արձագանքեց․ «Հրաժարական, միևնույն է, լինելու է։ Չի կարող այդ մարդն այդտեղ մնալ, չենք թողնելու»։ Հարցին՝ ինչպես չեն թողնելու, Մանուկյանն արձագանքեց․ «Երբ չլինի հրաժարական, կտեսնենք՝ ոնց»։

Դիտարկմանը, թե իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխություններ բերել, որոնց միջոցով խորհրդարանը հնարավոր լինի լուծարել, Մանուկյանն արձագանքեց՝ թող փորձեն։

Անդրադառնալով մարզային հանդիպումներին՝ Մանուկյանը դրանք դրական գնահատեց․ «Ես շատ բան եմ սովորում քաղաքացիներից, նրանց ներկայացնում եմ իմ մտքերը»։

Հարցին՝ ինչու հասարակության լայն շրջանակներին չի հասնում շարժման ասելիքը, Մանուկյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ լայն շրջանակները ոչ լրիվ են տեղյակ՝ ինչ է կատարվել, և կամաց-կամաց են տեղեկանում։ Երկրորդ՝ այս պատերազմն այնպիսի սարսափելի հետևանքներ թողեց մեր բնակչության վրա, որ մարդիկ մինչև վերջ շոկից դուրս չեն եկել»։