Մատաղիսում և Ջաբրայիլում ևս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել. նրանցից մեկը 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է


12:33 , 26 հունվար, 2021
Մատաղիսում և Ջաբրայիլում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 4 զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանցիները դիրքային հատվածում հայտնաբերել և փոխանցել են մեկ զոհվածի աճյուն: Նրա ինքնությունը հայտնի է դարձել գրպանում գտնված վարորդական վկայականով: Նա 1993 թվականին ծնված պահեստազորային Աշոտ Լևոնի Խաչատրյանն է: Ջաբրայիլի հատվածում էլ հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն»,- հայտնեց նա։
Հունան Թադևոսյանի խոսքով՝ նոյեմբերի 13-ից մինչ օրս իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:
Նրա տեղեկացմամբ՝ որոնողական աշխատանքներն այսօր՝ հունվարի 26-ին, շարունակվելու են Հադրութում։