09:43 , 7 օգոստոս, 2013
Այսօր շատ սիրելի բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի ծննդյան օրն է: Գիտեմ, որ նա շատ էր սիրում իր այս բանաստեղծությունը:
ՆՈՐ ՏՈՂԻՑ...
Ծնվել եմ առավոտյան շուտ,
լենինականյան մի աղքատիկ առավոտ:
ինձ հետ ծնված քույրս մահացել է մի քանի ժամ հետո,
երբ օգոստոսի արևը վաղուց արդեն դուրս էր եկել
և անտարբեր նայում էր մեր մոլորված ընտանիքին,
որը մեկ ժպտում էր և մեկ էլ լալիս էր սրտակեղեք:
Հիմա մեր տանը ոչ ոք չի հիշում նրան,
ոչ ոք չի խոսում նրա մասին, քրոջս,
որին տեսել եմ ընդամենը մի քանի ժամ`
ետպատերազմյան մի կիսաքաղց առավոտ:
Միայն ես չեմ կարողանում մոռանալ և երբեմն
արթնանում եմ վաղ առավոտյան սրտիս ցավից
և աչքերս թաց
մթության մեջ պառկած,
օր առ օր վերհիշում եմ
այն ինը ամիսները,
որ միասին ապրել ենք
մեր կյանքի լավագույն շրջանում...