07:37 , 7 օգոստոս, 2013
Երևանում այս տարվա մայիսին ստեղծվեց Ֆրայդեյ Երևան (Fryday Yerevan) համայնքային կազմակերպությունը, որն առաջարկում է գործարար մարդկանց շփման ազատ և ոչ ֆորմալ ձևաչափ: Հիմնական գաղափարն այն է, որ անգամ այս բարձր տեխնոլոգիաների դարում, երբ գոյություն ունեն բազմաթիվ առցանց հարթակներ, որտեղ կարելի է ձեռք բերել նոր ընկերներ և նույնիսկ գործընկերներ, ոչինչ չի կարող փոխարինել անձնական շփմանը՝ նոր կապերի, իրական համագործակցության և վստահության ձևավորմանը համար:
Ֆրայդեյ համայնքը ստեղծվել է Ուկրաինայում Անդերս Օստլունդի, Գուստավ Հալթգրենի և Ուլրիկա Հալթգրենի կողմից: Ֆրայդեյը միավորում է մասնագետների ոչ միայն ԱՊՀ բոլոր մայրաքաղաքներում և մյուս մեծ քաղաքներում, այլ նաև մի շարք եվրոպական մայրաքաղաքներում՝ Սոֆիա, Պրագա, Բուդապեշտ, Բուխարեստ, Վարշավա: Ֆրայդեյի գաղափարը տարածվում է, և յուրաքանչյուր միջոցառումից հետո այն համախմբում է ավելի շատ գաղափարակիցների: Երևանում Ֆրայդեյը ներկայացնում են Զառա Օհանջանյանը, ով հանդիսանում է Մարքեթ Ռիսրչ էնդ Քոնսալթինգ կազմակերպության փոխտնօրենը և Արմենուհի Բուրմանյանը` նույն կազմակերպությունում ծրագրերի համակարգող:
Ֆրայդեյի հիմնական ֆորմատն է Fryday Afterwork-ը: Որպես կանոն այս ֆորմատի միջոցառումներն անցկացվում են ամսական երկու անգամ և միշտ քաղաքի կենտրոնում: Ֆրայդեյի մասնակիցները հաջողակ և առաջադեմ մարդիկ են, որոնք պատրաստ են ազատ շփման: Այս միջոցառումներն ապահովում են ոչ ֆորմալ շփում, հաճելի ժամանց և նոր ծանոթություններ:
Մյուս ֆորմատն է Fryday W, որը նոր բիզնես-միջոցառում է: Այն տեղի է ունենում աշխատանքային շաբաթվա կեսին: Հիմնական ֆորմատից տարբերվում է նրանով, որ այս միջոցառման ժամանակ հրավիրվում է խոսնակ, ով իր գործի գիտակն է և ուզում է կիսվել իր փորձով: Օգոստոսի մեկին տեղի ունեցավ հաշվով չորրորդ Ֆրայդեյը Երևանում, որին ներկա էին տեղական և միջազգային ընկերությունների միջին և բարձր օղակի մասնագետներ: Այս անգամ Ֆրայդեյի խոսնակն էր Սամվել Բարեյանը, ով մասնագիտացած է բիզնես ռազմավարությունների մշակման և ֆինանսական պլանավորման մեջ:
Ավելի մանրամասն տեղեկատվություն այս միջացառման և ընդհանրապես Ֆրայդեյ Երևանի մասին կարող եք գտնել Fryday Yerevan Ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև Ֆրայդեյի կայքում` www.fryday.net















































