«Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ. սա չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից». Վարդան Ոսկանյան


22:47 , 24 հունվար, 2021

168.am-ը գրում է.

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում, այցի օրերին՝ հունվարի 22-26-ը, նա Իրանի գործընկերների հետ քննարկելու է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադարձավ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված հեռանկարներին և այդ համատեքստում երկկողմ քաղաքական հարաբերություններին, նշեց, որ հունվարի 1-ից այլևս թուրքական  ապրանքների մուտքը Հայաստան արգելվել է և փորձ է կատարվում դրանց բացը լրացնել իրանական ապրանքներով։

«Իրականում, որքանով կարելի է ենթադրել, այդ այցը միտված է Իրանի հետ ստեղծելու տնտեսական համագործակցության որոշակի տիրույթ այն ոլորտում, որտեղ մեր երկրում հիմնականում գերակայում էին թուրքական ապրանքները։ Չգիտեմ, որքանով կհաջողվի այդ այցը, սակայն դատելով ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունից, հիմնական խնդիրը կարծես թե ոչ թե հարցերի լուծումն է, այլ հարցերի լուծման պատրանք ստեղծելը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատելու տնտեսական լայն դաշտ ունի, և դա չի սահմանափակվում միայն առևտրային հարաբերություններով կամ թուրքական ապրանքներն իրանականով փոխարինելու հանգամանքով։

«Խոսքը վերաբերում է ավելի հեռագնա ծրագրերին։ Ես շատ կցանկանայի, որ խոսվեր Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին, դրա մասին բացարձակ լռություն է հայկական կողմում։ Այն  չափազանց կարևոր է, հաշվի առնելով ոչ միայն տնտեսական կողմը, այլև դրա նշանակությունը քաղաքական իմաստով, հաշվի առնելով նաև Սյունիքի շուրջ ընթացող վերջին զարգացումները։

Ուստի, եթե խոսքը վերաբերում է  հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այստեղ կան առաջնահերթություններ, որոնցից մեկը պետք է լինի հաղորդակցության ուղիների զարգացումը Սյունիքի տարածաշրջանում։ Խոսքը վերաբերում է  Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարությանը։ Առաջնահերթություններից հաջորդը վերաբերում է էներգետիկ ոլորտին, այդ ոլորտում պետք է կրկին զարգացնենք հարաբերությունները, այդ առաջնահերթությունների թվում է նաև Մեղրիի ազատ տնտեսական գոտին։ Հիմա որքանով են այս առաջնահերթությունները գիտակցվում և տեղ գտնում այսօր իրենց իշխանություն համարողների օրակարգում՝ դժվար է ասել»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Հարցին՝ հունվարի 11-ին արդեն ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ ճանապարհների ապաշրջափակման մասին, հիմա իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կարող է կյանքի կոչել հայ-իրանական երկաթգծի վերաբերյալ ծրագիրը, հույսը չդնելով Նախիջևանի երկաթգծի վրա, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ դրա մասին վերջին երեք տարիների ընթացքում որևէ անգամ իշխանությունների կողմից խոսք չի հնչել։

«Սա դուրս է մնացել մեր քարոզչական օրակարգից, և կարծում եմ՝ այս պայմաներում, այս իշխանությունների օրոք նման հեռագնա ծրագրերի մասին խոսելը տեղին չի լինի, որովհետև, ըստ էության, նրանք ապրում են այսօրեական ռեժիմով, որը ցավալի է, բայց փաստ է։ Հետևաբար՝ կարծում եմ՝ այս ծրագիրն օրակարգից դուրս է եկել։ Ինչ վերաբերում է հաղորդակցության ուղիների բացմանը, ապա այստեղ կան Իրանի հետ չափազանց կարևոր անելիքներ։ Իրանական կողմի հետ պետք է հստակորեն սահմանենք  կարևոր օրակարգ, դա Սյունիքի տարածաշրջանի արդիականության պահպանումն է հայ-իրանական տնտեսական, քաղաքական բոլոր տիպի հարաբերություններում։ Նախիջևանյան ուղին չպետք է միտված լինի նրան, որ Սյունիքը կոմունիկացիաների առումով ստանա լուսանցքային կարգավիճակ, ինչը չի բխում Հայաստանի ու Իրանի շահերից։ Ուստի երկկողմ օրակարգի շրջանակներում այս խնդիրը պետք է հստակորեն արծարծվի։ Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից այդ խնդիրների լուծման ունակություններին կամ օրակարգը պահելուն, ապա անկեղծ չեմ հավատում, որ դա նրանք կանեն, բնական է, որ այս բոլոր օրակարգերը պետք է թարմացվեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։