Ամերիկացի տղամարդը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
12:23 , 24 հունվար, 2021
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պլեյսեր շրջանում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո մի տղամամարդ մահացել է, իրավապահ մարմինների աշխատակիցները մահվան փաստի կապակցությամբ հետաքննություն են սկսել։ Այս մասին հունվարի 24-ին հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը ֆեյսբուքյան էջում, գրում է korrespondent.net կայքը:
Հաղորդագրության համաձայն, մահացած անձը կորոնավիրուսով վարակվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին: Ավելի ուշ՝ հունվարի 21-ին, նրան ներարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որից մի քանի ժամ անց մահացել է:
Գերատեսչությունում ընդգծել են, որ պատվաստումը չի կատարվել շրջանի բժշկական բաժանմունքի աշխատակիցների կողմից: Չի հստակեցվում, թե որ տեսակի պատվաստանյութն է օգտագործվել:
Հետաքննությանը մասնակցում են դաշնային ծառայությունները: «Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրություն վաղաժամ է մինչև հետաքննության ավարտը»,- ասվում է հաղորդագրության մեջ: