ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ


00:39 , 23 հունվար, 2021

168.am-ը գրում է․

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի կրթաթոշակ կտրամադրի Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում են ՀԲԸՄ մամուլի գրասենյակից։

«Հավատարիմ մնալով հայկական կրթությունը տարածելու իր բուն հանձնառությանը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լոնդոն Թրասթ բարեգործական կազմակերպությունը Օքսֆորդի համալսարանում դասական հայագիտության գծով մագիստրոսական աստիճան հայցող ասպիրանտներին լրջագույն նվեր մատուցեց՝ հայտնելով կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին: Օքսֆորդի համալսարանը Միացյալ Թագավորությունում հայագիտություն դասավանդող առաջատար համալսարանն է, որը այս առարկան ներդրել է տասնիններորդ դարի կեսերից:

Հինգ տարի շարունակ տարեկան մեկ ասպիրանտ ուսանողի աջակցելու այս նոր կրթաթոշակային ծրագիրը կարևորագուն դերակատարություն կունենա հայկական մշակույթն ու ժառանգությունը ավելի լավ ճանաչելուն ուղղված ջանքերը խթանելու գործում: Առաջին կրթաթոշակը կտրամադրվի 2021 թվականի հոկտեմբերին, իսկ ծրագիրը կտևի մինչև 2026 թվականը: