23:20 , 6 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Պլանշետային համակարգիչների վաճառքը 2013 թ. երկրորդ եռամսյակում, առաջինի համեմատ, նվազել է գրեթե 10 տոկոսով: Այս մասին նշվում է International Data Corporation ընկերության կայքում, որը զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայի ուսումնասիրությամբ:
Հաղորդագրությունում նշվում է, որ առաջին հերթին անկումը վերաբերում է պլանշետների 3 խոշոր արտադրողների: Մասնավորապես, Apple-ի արտադրանքի վաճառքը նվազել է՝ 19.5 մլն-ից հասնելով մինչև 14.6 մլն-ի: Այդ նույն ժամանակահատվածում Samsung-ը վաճառել է 8.1 մլն պլանշետ՝ առաջին եռամսյակի 8.6 մլն-ի համեմատ: ASUS-ի վաճառքը նվազել է գրեթե 20 տոկոսով՝ 2.6 մլն-ից հասնելով 2.0 մլն-ի:
IDC-ի վերլուծաբանների կարծիքով՝ անկումը կշարունակվի նաև երրորդ եռամսյակում, սակայն տարեվերջին պլանշետների շուկայում վերելք կնկատվի՝ մի քանի սարքավորումներ թողարկելու հաշվին:
Lenovo ընկերությանը, սակայն, հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ մեկ եռամսյակի ընթացքում վաճառել մեկ միլիոնից ավելի պլանշետներ: 2013 թ. երկրորդ եռամսյակում վաճառքի ծավալով հինգերորդ տեղում է Acer ընկերությունը՝ 1.4 մլն պլանշետով: