Եթե իշխանությունն ամբողջ ԲԴԽ-ն էլ համալրի իր «սրտի» անդամներով, միևնույն է՝ դատական համակարգը սանձել կամ կառավարել անհնար է. Հովհաննես Մանուկյան (Video)


21:14 , 22 հունվար, 2021

Tert.am-ը գրում է.

Իշխանությունն իր որոշումները՝ կադրայինից մինչև բարեփոխումներ, չի ապահովում հանրային լեգիտիմությամբ, իսկ դա ոչ միայն կադրերի ընտրությունն է, այլև դա հանրությանը ներկայացնելու կարգը․ դատաիրավական բարեփոխումները չափազանց իմպուլսիվ են, և երբ կայացվեցին որոշումներ, որոնք հաճո չէին իշխանությանը, սկսվեց վեթինգի գործընթացը, հիմա էլ, երբ առանձին դեպքերով դատարանները մերժում են կալանքի միջնորդությունները, առաջ եկավ հակակոռուպցիոն դատարանների հարցը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը:

«Իշխող քաղաքական ուժը կադրային պոտենցիալի առումով լուրջ կաղում է։ Կարևոր է, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն այսօր չմասնակցեցին ԲԴԽ անդամների քվեարկությանը, քաղաքական տեսակետից թեկնածուների լեգիտիմությունը դարձավ խոցելի։ Եթե իշխանությունն ամբողջ ԲԴԽ-ն էլ համալրի իր «սրտի» անդամներով, միևնույն է՝ դատական համակարգը սանձել կամ կառավարել անհնար է, չպետք է մշտապես իշխանահաճո որոշումներ ակնկալել»,- ասել է նախկին նախարարը:                                                           

Ըստ Մանուկյանի՝ եթե իշխանությունը երանության մեջ լիներ դատական ակտերից, չէր խոսի վնգստացող դատավորների մասին, և հետապնդումներն սկսվեցին, երբ դատարաններն սկսեցին ոչ իշխանահաճո որոշումներ կայացնել. «Կոստյումը, որը կարված էր նախկին ղեկավարի համար, շատ լավ նստել է նոր ղեկավարի վրա, և նա ցանկություն չունի դրանից հրաժարվելու։ Այդ կոստյումը վերաբերում է ոչ միայն կառավարման կարգին, այլև դատական համակարգին։ Մենք ճգնաժամային իրավիճակում ենք և չենք կարող հատվածական լուծումների գնալ։ Հակակոռուպցիոն դատարաններ ենք ստեղծում, որոնց համար լեգիտիմության ավելի բարձր մակարդա՞կ ենք սահմանում, ասում ենք՝ այդ դատավորները հրեշտակի թևերո՞վ են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ