Այս տղամարդը 40 տարի շարունակ ապրել է անմարդաբնակ կղզում. ո՞րն էր նրա նպատակը


21:00 , 22 հունվար, 2021

Շուրջ 50 տարի առաջ մի անգլիացի տղամարդ փոքրիկ կղզի ձեռք բերեց, որն ամբողջովին անմարդաբնակ էր։ Գործարքն արժեցավ 13,000 դոլար։ Արդյունքում տղամարդը տեղափոխվեց կղզի և սկսեց ապրել կատարյալ միայնության մեջ՝ վայրի կենդանիների ընկերակցությամբ։ Տղամարդու անունը Բրենդոն Գրիմշոու է, և Մուայեն կղզում նա ապրել է մինչև կյանքի վերջին վայրկյանները։ Տարիներ շարունակ տղամարդը քրտնաջան աշխատել է և կղզին վերածել ազգային պարկի։ Երբ Բրենդոնը տեղափոխվել է այնտեղ, կղզում պարզապես ոտք դնելու ազատ տեղ չի եղել խիտ խոտածածկույթի պատճառով։

Անգլիացու ճակատագիրը շատ նման է եղել Ռոբինզոնի արկածներին։ Անմարդաբնակ կղզում է հայտնվել հարևան կղզիներից մեկի աբորիգենների ներկայացուցիչը և ապագայում դարձել է Գրիմշոուի ընկերը։ «Ուրբաթի» անունը Ռենե Լաֆորտեն էր, ով, չնայած որ մշտական բնակություն չհաստատեց Մուայենում, այնուամենայնիվ օգնում էր կղզու նոր սեփականատիրոջը բոլոր հարցերում։ Այնուհետև կղզում հյուրընկալվեց անգլիացու հայրը և այնտեղ մնաց 5 տարի՝ չնայած պատկառելի տարիքին. նա 88 տարեկան էր։

Հարց է առաջանում. ինչո՞ւ էր անգլիացուն այս ամենն անհրաժեշտ։ Բրենդոն Գրիմշոուն այն մարդկանց թվին էր դասվում, որոնք անտարբեր չեն մեր մոլորակի նկատմամբ։ Նա իր առջև նպատակ էր դրել աշխարհն ավելի լավը դարձնել և ողջ էներգիան ներդնել կղզին բարեկարգելու գործում։ Կյանքի 40 տարիների ընթացքում տղամարդը տնկել է 16,000 ծառ, անձամբ քարե ճանապարհներ է կառուցել՝ ընդհանուր 5 կմ երկարությամբ։ Նոր ընկերոջ հետ միասին կղզի է բերել 2000 նոր թռչուն և 100 հսկայական կրիա, որոնք անհետացման եզրին էին։ Շնորհիվ Գրիմշոուի՝ այդ կենդանիները կրկին բազմացան։

Բրենդոն Գրիմշոուին անձամբ Սաուդյան Արաբիայի արքայազնն առաջարկել է գնել կղզին 50 միլիոն դոլարի դիմաց։ Սակայն անգլիացին հրաժարվել է, քանի որ կղզին համարում էր իր տունը։ Այդ ժամանակ տղամարդն արդեն 81 տարեկան էր, իսկ աբորիգեն ընկերը մահացել էր։ Գրիմշոուն կտրականապես դեմ էր, որ կղզին հանգստավայրի վերածվեր հարուստ մարդկանց համար։ Նա ցանկանում էր, որ դա ազգային պարկ լինի, ուր կկարողանան այցելել հասարակ մարդիկ և հիանալ բնությամբ։

Եվ անգլիացին հասավ իր նպատակին. 2008 թ. Մուայենը պաշտոնապես ճանաչվեց ազգային պարկ։ Ցավոք, 2012 թ. Գրիմշոուն մահացավ կղզում։ Այժմ այնտեղ ապրում է պահակը, որը հետևում է կարգուկանոնին և զբոսաշրջիկներին։