Սա ծրագիր է, սակայն մեծ հարց է, որ այդ ծրագիրը մեզ կարող է ինչ-որ պայմանների դեպքում խաղաղության բերել․ Ստեփան Դանիելյան


02:57 , 21 հունվար, 2021
Մինչեւ 60-ական թվականները Սովետական Հայաստանում Ցեղասպանության սինդրոմ ու պահանջատիրության գաղափարախոսություն` որպես ազգային գաղափար ձեւակերպված չի եղել։ Դա Սփյուռքում է եղել, հիմնական Դաշնակցության շնորհիվ։
Երբ 1952-ին Թուրքիան մտավ ՆԱՏՕ, իսկ հետո այնտեղ տեղադրվեցին միջուկային հրթիռներ, Սովետական Միությանը պետք էր, որ Թուրքիայի սահմանին գտնվող հայերի մոտ հակաթուրքական տրամադրությունները խորանան։
- Քաղաքականություն է, Սըր։
Ըստ էության, պետպատվերով Ցեղասպանությանը նվիրված ուսումնասիրություններ, գրականություն էր ֆինանսավորվում, դասագրքերում էր դրան տեղ հատկացվում։ Պատահական չէր, որ Սովետական Հայաստանի ԱԳ նախարար Ջոն Կիրակոսյանն էր Ցեղասպանությանը նվիրված մոնումենտալ աշխատություն, Գրողների Միության քարտուղար Պարույր Սեւակը "Անլռելի Զանգակատուն" գրում, Կոմիտասի անունով կոնսերվատորիան անվանակոչվում, Ծիծեռնակաբերդը կառուցվում եւ այլն։ Դա պետական քաղաքականություն էր, որի վրա հայերի նոր սերունդ դաստիարակվեց։
Լավ է դա, թե ոչ` քննարկման թեմա է, բայց փաստ է, որ դրա շնորհիվ մենք հաղթեցինք Արցախի առաջին պատերազմում։ Արցախի հարցում մենք միաբանված էինք ու գիտակցված կրում էինք բազմաթիվ դժվարություններ, գնում զոհողությունների։ Ոնց բոլորը միասին Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ էին բարձրանում, այդպես էլ միասին պայքարում էին Արցախի համար, ու ոչ ոքի մոտ հարցեր չէին առաջանում։ Դա այդ սերնդի դաստիարակության արդյունքն էր։
Հրեաների համար Հոլոքոստը նույնպես անկյունաքարային նշանակություն ունի մինչ այժմ, սակայն դրա հետ մեկտեղ արդյունավետ պետականության շինարարություն է ընթացել։ Սակայն մեկ է, Հոլոքոստն է այսօրվա հրեաներին մոտիվացնում։
Bolton & Co-ն մեզ կոչ է անում հրաժարվել կաղապարներից։ Ամերիկան ունի իր շահերը, դա բնական է, Թուրանի գաղափարի միջոցով առճակատում ստեղծել Ռուսաստանի ու Իրանի հետ, խաթարել Չինաստանի հնարավոր առեւտրական ուղիները։ Մենք խանգարում ենք դրան, ինչի համար պետք է քանդել մեր "կաղապարները": Ու քանդում են Նիկոլի եւ նիկոլականների միջոցով։ Ու եթե ուշադիր լինեք, ապա նա ու նրանք քայլ առ քայլ, խոսք առ խոսք առաջ են գնում։ Ինչը երկու-երեք տարի առաջ մեզ համար սրբապղծություն կընկալվեր, այսօր լիքը մարդ կուլ է տալիս։ Նրանք ներդրված են ու պարարտ ծիլեր են տվել։
Սա ծրագիր է, սակայն մեծ հարց է, որ այդ ծրագիրը մեզ կարող է ինչ-որ պայմանների դեպքում խաղաղության բերել։ Կարող է նաեւ տոտալ ոչնչացման հանգեցնել։ Սա է այսօրվա մեր հիմնական մարտահրավերը, որը չի գիտակցվում։