Բանակ ճանապարհելիս Տիգրանի մայրը ֆեյսբուքում գրել էր. «Իմ հայրենիք, իմ Արցախ, լավ պահիր իմ տղային». Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում


23:54 , 20 հունվար, 2021
Շահբարյան Տիգրանը 2019-ի ամռանն էր զորակոչվել բանակ։ Վաշտի բուժակն էր։ Կարմիր դիպլոմով էր ավարտել բժշկական քոլեջը։
2020 թվականի հոկտեմբերի 11-ին Տիգրանենց 72 հոգանոց վաշտին հանում են իրենց տեղակայման վայր Աղդամից և ուղարկում Հադրութ, որն այդ ժամանակ արդեն գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։
Տեղ հասնելուն պես 3 մեքենաներից մեկը ԱԹՍ-ն խոցում է։ Ողջ մնացած զինվորները 4 ժամից ավել կռիվ են տալիս թուրք հատուկջոկատայինների դեմ և բոլորն էլ զոհվում,։ Նրանց մեջ էր նաև Տիգրանը...
Տիգրանի անունը զոհվածների ցուցակում հայտնվեց դեկտեմբերի 12-ին։ Մինչ այդ տղայի հայրը փնտրել է որդու դին, բայց ապարդյուն, քանի որ հրամանատարությունն ասել է, թե չգիտեն վերջին անգամ որ կողմերում են եղել...
Սեփական ուժերով ու ռուս խաղաղապահներին օգնությամբ 2 ամիս հետո միայն Տիգրանի ծնողներին հաջողվում է գտնել իրենց որդու դին ու հանձնել հողին։
Տիգրանին և Տիգրանի նման հազարվոր տղերքի դիտավորյալ մահվան բերան ուղարկած և ոչ մի սպա, ոչ մի հրամանատար առ այսoր պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ դրանցից գերագույն գլխավորն այսօր ԱԺ ամբիոնից դեռ հոխորտում ու մատ է թափ տալիս մարդկանց վրա։
2019-ին որդուն բանակ ճանապարհելիս Տիգրանի մայրը ֆեյսբուքում նկարներ էր տեղադրել ու գրել. «Իմ հայրենիք, իմ Արցախ, լավ պահիր իմ տղային...»։ Տիգրանը զոհվեց Արցախի սրտում, Արցախը՝ սրտում։ Նա ընդամենը 19 տարեկան էր...