Հաղորդում հանցագործության մասին կամ հարցեր, որոնք որդեկորույս ծնողի մոտ մնացել են անպատասխան


11:02 , 19 հունվար, 2021
ԼԵՎՍ, իմ ԱՆՈՒՇ ԲԱԼԱ։
Այսօր կլրանար ժամկետային զինվորական ծառայությանդ 5-րդ ամիսը, եթե...
ՖԲ իմ ընկերներին կխնդրեմ տարածել այս նյութը, քանի որ դրա տարածումը ձեր կողմից ուղիղ համեմատական է ձեր վերաբերմունքին իմ ընտանիքին պատուհասած ողբերգությանը։
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՄ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻ ՄՈՏ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ։
1. Ինչպե՞ս է ստացվել, որ 27.09.2020թ.-ին` պատերազմը սկսվելու պահին, որոշ զորամասերի հրամանատարներ, գիտակցելով և կողմնորոշվելով այդ իրավիճակում, 1-2 ամսվա ծառայող նորակոչիկներին պահում են թիկունքում, այդ թվում՝ փակելով բունկերներում, իսկ զորամասերի վայ-հրամանատարները, ինչպիսին է Մարտունի-3 զորամասի Չհրամանատար, Չգնդապետ Գոռ Իշխանյանը, առաջին իսկ օրվանից, ըստ էության, ընդամենը 12 օր զորամասում գտնվող, ընդամենը 2 օր ականանետ զինատեսակի մասին լսած և զինվորական ծառայությունում սահմանափակում ունեցող (սրտի առիթմիա՝ բրադիկարդիա և տախիկարդիա ախտորոշմամբ) նորակոչիկին՝ իմ որդուն, ուղարկում է առաջնագիծ՝ կասեցնելու ադրբեջանական ագրեսիան։
2. Ինչպե՞ս է ստացվել, որ զորամասի հրամանատարությունը, չապահովելով իմ որդու ականանետային դասակի հերթափոխի փոփոխությունը, պատերազմում անընդմեջ 30 օր կռվելուց հետո որոշում է կայացնում ուժասպառ և հյուծված դասակը տեղափոխել պատերազմի՝ այդ օրերի ամենաթեժ մարտերի վայր՝ Կարմիր Շուկայի հատված, և հրահանգում դիրքավորվել՝ մարտ վարել, հետո նահանջել, նորից դիրքավորվել՝ մարտ վարել ու նորից նահանջել, կրկին դիրքավորվել՝ մարտ վարել։ Այնպես են անում, որ 5-րդ օրը դասակը, չհասցնելով լիարժեք դիրքավորվելու և պատսպարվելու համար անհրաժեշտ ապաստարաններ կառուցել, բռնվում է մարտի և թիրախավորվում է թշնամու կողմից։ Իմ որդին զոհվում է միայն այն պատճառով, որ ֆիզիկապես չի հասցրել իր ապաստարանը (блиндаж, щель) լիարժեք պատրաստել, քանի որ ուժասպառ և հյուծված, նաև առողջական խնդիր ունեցող, ընդամենը 70 օրվա զինվոր էր։
3. Ինչպե՞ս ստացվեց, որ Մարտունի 3-ի պաշտպանական դիրքերից մարտունակ վաշտերը և դասակները, այդ թվում՝ իմ որդու ականանետային դասակը, տեղափոխվեցին այլ մարտական դիրքեր և թշնամուն հանձնվեց Մարտունի 3-ի հրամանատարական կառավարման դիտակետ-բունկերը (տեսանյութն արդեն քանի օր համացանցում է):
4. Եվ վերջապես՝ ինչպե՞ս ստացվեց, որ ամենաթեժ մարտերի վայրում իմ որդու ականանետային դասակը, ըստ էության, մնացել է որևէ փորձ չունեցող հրամանատարի ղեկավարման ներքո, ով նույնիսկ իմ որդուց ավելի քիչ ժամանակ էր ծառայում ԶՈՒ-ում։
Այս հարցերի շարանն անվերջ է։ Կան հարցեր ավելի երկար բովանդակությամբ, կան ավելի կարճ, բայց պատասխանները ԴԵՌ չկան։
Ինչո՞ւ եմ ընդգծում ԴԵՌ, քանի որ դեռ հույս ունեմ, որ մեր իրավապահներն ի զորու են բացահայտելու դավաճանական հրամանատարական խմբավորումը (ընդհուպ մինչև գերագույն գլխավորի), որի կազմն ակնհայտորեն դավաճանեց Հայրենիքի պաշտպանության համար մարտնչող զինվորին, իսկ հիմա փորձում է ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։
Հ.Գ. Բարձր իրավագիտակցությունը միշտ չէ, որ պաշտպանում է ընտանիքդ։ Եթե ես ժամանակին, օգտագործելով իմ հնարավորությունները և որդուս հիվանդությունը, միջոցներ ձեռնարկած լինեի, այդ թվում՝ ոչ օրինական, Լևոնիս ազատելու զինվորական ծառայությունից, ապա հիմա իմ ընտանիքը չէր մղկտա այս դաժան ցավից։