Շատերը Լեդի Գագայի 911 կլիպի մեջ Հայաստանի համար կանխագուշակում են տեսնում, սակայն Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր


01:26 , 19 հունվար, 2021
Շատերը Լեդի Գագայի 911 կլիպի մեջ Հայաստանի համար կանխագուշակում են տեսնում, սակայն Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր, կամ ավելի ճիշտ՝ հայկական «հեղափոխության» խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն։
Ջոկերը` Ծաղրածուն, հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, որպես սոցիալական նպաստ պետությունից հոգեմետ դեղեր է ստանում, ապրում է ծեր մոր հետ, աղքատ է, սակայն երազում է մասնակցել հումորային երեկոյան ծրագրին որպես Stand Up դերասան։ Դա էր իր կյանքի երազանքը։ Եթե երազեր քաղաքականությամբ զբաղվել, ապա կցանկանար նախագահ կամ վարչապետ դառնալ։
Մի խոսքով՝ մանրամասներին չանդրադառնամ, միանգամից անցնեմ հեղափոխական հատվածին։
Ջոկերը երեկոյան, երբ իրեն աշխատանքից հեռացնում են, մետրոյով, ծաղրածուի գրիմով, մանթո վիճակում տուն վերադառնալու ժամանակ, տեսնում է, որ 3 երիտասարդ փորձում են բռնաբարել մի աղջկա։ Միջամտում է, աղջիկն այդ ընթացքում փախչում է, իսկ լկտի, լակած ու ուռած երիտասարդները նրան ծեծում են։ Ինքնապաշտպանության նպատակով Ջոկերը ատրճանակով սպանում է երիտասարդներին։
Պարզվում է, որ հաբրգած երիտասարդները շատ հարուստ ընտանիքներից են, ու այդ լուրը քաղաքի բնակիչներն ընդունում են որպես հարուստների դեմ սոցիալական ապստամբության ազդանշան, ու հաջորդ օրը ողջ քաղաքը ծաղրածուի համազգեստներով ու գրիմով դուրս է գալիս քաղաք։ Ծաղրածուի հանդերձանքն ընկալվում է որպես հեղափոխության սիմվոլիկա, ու սկսվում է համաքաղաքային խիպիշը։
Մանրամասները՝ ֆիլմում, սակայն ֆիքսենք, որ այդ ընթացքում Ջոկերի կյանքի երազանքը կատարվում է, նա մասնակցում է Stand Up հաղորդմանն ու ուղիղ եթերի ժամանակ սպանում, այսինքն՝ մերժում է այդ հաղորդման հռչակավոր վարողին եւ հայտնում, որ երիտասարդներին սպանողն ինքն է։
Ջոկերը դառնում է հեղափոխության առաջնորդ, իսկ քաղաքի բնակիչները` հեղափոխականներ։
Ջոկերը անձնական հոգեբանական խնդիրներ ունեցող, չբավարարված ու անհավասարակշիռ անձնավորություն է, նրա նպատակը հեղափոխությունը չի եղել։
Ֆիլմում Ջոկերը եւ քաղաքի բնակիչները միմյանց ճիշտ չեն հասկացել, բայց ստացվում է այնպես, ինչպես որ ստացվում է։
Չշարունակեմ պատմել, միայն ավետեմ, որ ֆիլմը happy end-ով չի վերջանում։