ՀՌՀ որոշումը ոչ իրավաչափ է և խտրական, բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար․ Հ2


15:29 , 18 հունվար, 2021

Հայկական երկրորդ հեռուստաալիքը (Հ2) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ հեռուստաընկերությունը զրկվել է վերգետենյա եթերային հեռարձակումից։ Հեռուստաընկերությունն այս որոշումը համարում է ոչ իրավաչափ։ Հայտարարությունը ստորև․

«Հարգելի հեռուստադիտողներ,

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, հետևաբար հունվարի 21-ից սկսած ալեհավաքի միջոցով այլևս չեք կարողանալու դիտել մեր հաղորդումները:

Մեր հեռուստաընկերությունը համարում է այս որոշումը ոչ իրավաչափ և խտրական և բոլոր օրինական միջոցներով պայքարելու է վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար:

Մինչ այդ Հայկական երկրորդի հաղորդումները հունվարի 21-ից սկսած կարող եք դիտել միայն ցանցային օպերատորների կամ մալուխային ցանցերի միջոցով, ինչպիսիք են օրինակ, U-com-ը, Rostelecom-ը, Beeline-ը, Viva MTS-ը և մյուս բոլոր մալուխային ցանցերը: Մեզ կարող եք հետևել նաև հ2-ի YouTube-յան ալիքի և ֆեյսբուքյան էջի միջոցով»: