Մխիթարյանը կդառնա Բունդեսլիգայի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստը. «Բորուսիա»-ի ավագ


15:17 , 6 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Գերմանական Die Welt պարբերականը Բունդեսլիգայի 17 թիմերի ավագների շրջանում անցկացրել է հարցում, որի նպատակն էր իմանալ թիմերի ավագների կանխատեսումը՝ կապված Բունդեսլիգայի 2013/14թթ մրցաշրջանի չեմպիոնի, հայտնության (ակումբ), լավագույն ռմբարկուի և լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստի հետ:

17 ավագներից 15-ի կարծիքով Մյունխենի «Բավարիա»-ն պահպանելու է չեմպիոնի կոչումը: 

Որպես հայտնություն առաջին տեղում է հայտնվել «Հոֆենհայմ»-ը՝ 4 ձայնով, իսկ որպես լավագույն ռմբարկու 11 ավագներ ընտրել են Ռոբերտ Լևանդովսկուն: 12 թիմերի ավագներ կարծում են, որ մրցաշրջանի լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ է ճանաչվելու Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին:

Հենրիխ Մխիթարյանը ստացել է 1 ձայն: Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Սեբաստիան Կելը նշել է, որ Հենրիխին Գերմանիայում ոչ բոլոր մարզասերներն են ճանաչում և մաղթել է լրացնել այդ բացը:

«Հենրիխ Մխիթարյանը Գերմանիայում դեռ այդքան էլ ճանաչված չէ: Մաղթում եմ, որ նա լրացնի այդ բացը»,- հայտարարել է Կելը, որպես լավագույն արտասահմանցի ֆուտբոլիստ Հենրիխի անունը նշելուց հետո: