Սերգեյ Լավրովն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը


15:17 , 15 հունվար, 2021

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որի ընթացքում կհանդիպի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նախատեսվում է շարունակել մտքերի փոխանակությունը մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, դրությունը Սիրիայում և Աֆղանստանում»,- ասաց Զախարովան:

Նախարարների հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգի այլ հարցեր: