16:20 , 6 օգոստոս, 2013Ազգային անվտանգության ամեն մի ճգնաժամը հնարավորություն է (քաղաքական օրակարգ առաջ տանելու համար): Հեռուստաեթերը հեղեղված է Ալ Քաիդայի տեռորի մասին վկայող ահազանգի մասին նյութերով: Այդ ահազանգի մասին արվում են տարբեր մեկնաբանություններ: Ահա դրանցից մի քանիսը:
1. Ազգային անվտանության ծառայության (ԱԱԾ) վերահսկողական ծրագիրն առանցքային է: «New York Times»-ը հաղորդում է, որ ներկայիս ահազանգը կապված է Պակիստանի և Եմենի միջև ընդհատված էլեկտրոնային հաղորդակցության հետ: Սենատի հետախուզական կոմիտեում աշխատող մի հանրապետական ասել է, որ այս ընդհատումն ԱԱԾ-ի արտասահմանյան գործունեության մասն է կազմում: Իսկ «Associated Press»-ում նշվում է, որ ԱԱԾ-ի կասկածելի ծրագրերը, որոնք տվյալներ են հավաքում հեռախոսային զրույցներ գաղտնալսելով կամ ենթադրյալ տեռորիստների ինտերնետային հաղորդակցությանը հետևելով, ոչ մի դեր չեն խաղացել նախնական հուշումը հասկանալու մեջ: Հեռախոսային գաղտնալսումների տվյալներն իրոք որ ոչ մի դեր չեն խաղացել այստեղ: ԱԱԾ-ի ծրագրի հետևորդներին մնում է պնդել, որ այս ահազանգը հիշեցում է, որ Ալ Քաիդան առաջվա պես վտանգավոր է, և որ պետք է պաշտպանությունն ուժեղացվի, եթե պետք է` անգամ մարդկանց ազատությունների հաշվին:

2. Օբամայի թուլությունը ահաբեկիչներին խիզախություն է ներշնչում: Նախկին հանրապետական թեկնածու Ռիք Սանթորումը ասում է, որ Օբաման վախկոտ է և անգամ խուսափում է «ահաբեկչություն» բառը գործածելուց: Նախկին հանրապետականներից մեկն ասել է, որ այժմ Ալ Քաիդան կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան մինչև 9/11, քանզի Օբաման ասես փորձում է հանգստացնել Իրանի և Ռուսաստանի նման թշնամիներին:
Ալ Քաիդայի համար, ամենայն հավանականությամբ, այնքան էլ նշանակություն չունի, թե արդյոք Օբաման փորձել է Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորել կամ օգնության ձեռք մեկնել Թեհրանին: Խմբի Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի ներկայացուցիչները բարգավաճում են Արաբական գարնան և այն համոզման շնորհիվ, որ ներկայումս նրանք ավելի հզոր են, քան երբևէ:
3. Օբաման վաղաժամ է ահաբեկչության դեմ պատերազմը հայտարարել ավարտված: Օբամայի` մայիսին կատարված հակահաբեկչական ուղերձից հետո պահպանողականները անհանգստացած էին: Օրինակ` Ջոն Բոլթոնը ասում էր, որ Օբաման ընդունում է Ալ Քաիդայի հաղթանակը և սեփական պարտությունը:
Իրականում սա նրա ելույթի սխալ մեկնաբանություններից էր: Որոշ լիբերալներ կուզեին, որ նա իրոք պատերազմի ավարտը հայտարարեր, քանզի նրանք ձգտում են ավելի խաղաղ մեթոդներով պայքարել` ոչ թե մարդկանց սպանելով, այլ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով: Օբաման ելույթի մեջ նշեց, որ Ալ Քաիդայի վտանգը զարգացել է այն նույն վտանգից, որին ականատես եղանք 9/11-ին: Իր քարոզարշավի ընթացքում նա գուցե չափազանցնում էր` խոսելով Օսամա բեն Լադենի սպանության մասին: Սակայն չկան հստակ նշաններ, որոնք կհավաստեն, թե նա հետ է կանգնել իսլամիստական ծայրահեղականների դեմ կռվից: Եվ ինչո՞ւ պետք է հետ կանգներ: Մի՞թե ավելի վտանգավոր չէ սպասել հերթական ահաբեկչական հարձակմանը, քան պայքարել ահաբեկիչների դեմ: