Հաջորդ տարածաշրջանային մեծ պատերազմը սարերի ետևում չէ, որում Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալու միասնական


09:14 , 15 հունվար, 2021
2020 դեկտեմբերի 12-ին, երբ ՀՀ իշխանություններն արդեն ստորագրել էին կապիտուլյացիոն պայմանագիրը, Թուրքիայի նախագահին կից գործող Հաղորդակցության գրասենյակը (Թուրքիայի «ՊՈԱԿ»-ը) հրապարակեց կարճ ֆիլմ-հոլովակ, որը պատմում էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին։ Ֆիլմի անունը շատ խոսուն էր՝ «Թուրքիա-Ադրբեջան. երկու պետություն, մեկ բանակ» (İki Devlet Bir Ordu) և վկայակոչում էր պանթուրքիստական հայտնի «Երկու պետություն, մի ազգ» (Bir millet, İki devlet) հայտնի կարգախոսը։
Քարոզչական բնույթ կրող այս հոլովակը նշանակալի է նրանով, որ ոչ միայն պաշտոնական հռետորաբանության մակարդակում ամրագրում է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության անքակտելի լինելը, այլև արձանագրում է մի կարևոր տվյալ։
Ֆիլմում Ադրբեջանի ԶՈՒ պաշտոնաթող սպա, փոխգնդապետ Ռուսլան Իմամգուլիևը անդրադառնում է ռազմական համագործակցությանը և նշում, որ «1990-ականներից ի վեր ամեն տարի Ադրբեջանի բանակի հարյուրավոր զինվորներ, սպաներ և հրամանատարներ կրթություն են ստանում Թուրքիայում։ ... Եթե հաշվի առնենք նաև Թուրքիայի հետ համատեղ իրականացված զինավարժությունները, կստացվի, որ մեր բանակում թուրքական ռազմական կրթություն չստացած սպա և զինվոր չկա»։
Եթե այս փաստին հավելենք նաև այն, որ վերջին ամսվա ընթացքում առնվազն 50 ռազմական տրանսպորտային օդանավ է մեկնել Թուրքիայից Ադրբեջան, ապա կարող ենք ասել, որ հաջորդ տարածաշրջանային մեծ պատերազմը սարերի ետևում չէ, որում Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալու միասնական։
Իսկ սրան զուգահեռ ՀՀ տգետ իշխանությունները ուրախանում են, որ մեր տարածքով Թուրքիան միանալու է Ադրբեջանին։
ՀԻՇԵՑՈւՄ․ ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը: