«Կա՞ արդյոք օրենքով սահմանված, թե այլ կրոնի ներկայացուցիչները որտեղ իրավունք ունեն աղոթել, որտեղ՝ ոչ». Անի Հովհաննիսյան


03:18 , 15 հունվար, 2021
Այսօր բուռն քննարկվում էր Երևանի կենտրոնում մահմեդականի աղոթք անելն ու քննադատվում այդ երևույթը:
Նախ՝ փորձենք հասկանալ, թե ինչու է մեր վրա ազդում մահմեդականի աղոթքն այն դեպքում, երբ հենց մեր ներսում կան խմբեր, ովքեր պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Եթե մի երկրի ներսում սկսվում է սեփական կրոնի դեմ պայքար, ի՞նչ էինք ուզում, որ ովքե՞ր աղոթեին Երևանի կենտրոնում՝ ֆրանսիացինե՞րը, անգլիացինե՞րը, ռուսնե՞ր, ի վերջո ի՞նչ տարբերություն, թե ով է զբաղեցնելու քո հոգևոր տունը, եթե դու փորձում ես այն ներսից քանդել:
Հաջորդը՝ կա՞ արդյոք օրենքով սահմանված, թե այլ կրոնի ներկայացուցիչները որտեղ իրավունք ունեն աղոթելու, որտեղ՝ ոչ:
Արդյո՞ք որպես ազգ, պետություն՝ մենք գործնական առավելություններ տվել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն՝ օրինակ, եթե տուրիստը չգնա եկեղեցի կամ չկարդա ինչ-որ տեղ, կարո՞ղ է հասկանալ, որ ինքը գտնվում է մի երկրում, որն աշխարհում առաջինն է քրիստոնեությունն ընդունել՝ որպես պետական կրոն: Որպես օրինակ՝ յուրաքանչյուր մահմեդական երկիր հաշվի չի առնում տուրիստների դավանանքը և իր բոլոր մզկիթներից օրը 4 անգամ հնչեցնում է աղոթք: Նույնիսկ տուրիստական կենտրոն համարվող կետերի 5-աստղանի հյուրանոցի կողքին գտնվող մզկիթից, միևնույն է, հնչելու է աղոթքի ձայնը, այդ թվում՝ գիշերը՝ ժամը 04:00-ին, դավանանքդ ուրիշ է, չես հավանում, մի գնա իրենց երկիր: Ասեմ ավելին՝ որոշ մահմեդական երկրներում աշխատանքային իրավունք ստանալու համար պետք է կրոնական (մահմեդականության) դասերի հաճախել՝ իրենց կրոնի մասին մանրամասն տեղեկանալու համար:
Հիմա մենք, որ գրեթե ոչինչ չենք արել մեր կրոնը մեր սեփական երկրում պահելու համար, ավելին՝ փորձ է արվել ու արվում այն քայքայել, քննադատում ենք, թե ինչու է մահմեդականն աղոթում Երևանի կենտրոնում: Ինչո՞ւ պիտի չաղոթի, այն էլ՝ հիմա, երբ բոլորիս փալաս դարձրած մեկը շարունակում է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը: Գոհ լինենք, որ աղոթում է, քանի որ իշխանություն չունեցող, անպաշտպան երկրում ինչ ուզի, կարող է անել: