Ողջ ճշմարտությունը Արցախի քաղաքացիների համար նախատեսված սոցաջակցության փուչիկ ծրագրերի մասին


14:17 , 14 հունվար, 2021
Սա էլ Արցախի ու Հայաստանի իշխանությունների վերջին սրիկայությունը (հա՛, հենց այդպես)։ Զայրույթս ուժեղ է, որպեսզի տգեղ բառեր չգրեմ, կփորձեմ կարճ ներկայացնել...
Հայտարարում եմ, որ այդ ամպագոռգոռ ու ցուցադրական սոցաջակցության ծրագրերն իրականում շատ կողմնակալ ու անհասկանալի բնույթ են կրում, մակերեսային են, չեն դիտարկվում հնարավոր բոլոր դեպքերը։ Ինքս չեմ հանդիսացել ծրագրի շահառու զուտ հաշվապահի կողմից թույլ տրված սխալի պատճառով ու, համապատասխանաբար, երեխաներիս դիմումները մերժվել են (էդ հեչ)։ Երբ վերանայվեց որոշումը, երեխաներս դարձան շահառու, բայց գումարները լրիվությամբ ստանալ հնարավոր չեղավ՝ Հայփոստի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Սոցիալական ապահովության ծառայութան տրված տարբեր պատճառաբանություններից ելնելով։ Իբր բոլոր թերությունները շտկվեցին, այսօր կրկին մոտեցա գումարը ստանալու համար։ Նորից մերժում։
Այսօր հունվարի 14-ն է, իսկ ես դեռ չեմ ստացել երեխաներիս նախորդ 2 ամսվա նպաստները, նորից տարբեր պատճառներ են առաջ բերում...
Մեկնարկած այլ ծրագրի՝ 20.000-ական դրամ 2015-2020 թթ. ծնված երեխաներին, ևս չեմ ստացել...
ԻՆՉՔԱՆ ԴԻՄԵԼ ԵՄ, ՍՏԱՑԵԼ ԵՄ ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆՔ ՍՏԱՑԵԼ։
Սա կարդացողը թող իմանա, որ ես ունեմ 5 երեխա, և պատկերացնի, թե որքան ծանրաբեռնված է իմ օրը լինում, բայց ես դեկտեմբերի 2-ից գրեթե ամեն օր դիմել եմ այս հարցով Հայփոստ։ Եվ ահա այսօր ստացա հետևյալ պատասխանը՝ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԿՎԵԼ ԵՆ...
Հիմա հարց՝ ԱՅԴ Ե՞ՐԲ ԷԻՆ ԲԱՑՎԵԼ, ՈՐ ՀԻՄԱ ԷԼ ՓԱԿՎԵՑԻՆ։ Այսօր ասմի 14-ն է՝ ոչ աշխատանքային մեկ շաբաթից հետո մեկնարկած աշխատանքային ամսվա ընդամենը 6-րդ օրը, ամիսը դեռ 17 օր ունի, ու դուք ասում եք՝ ցուցակները փակվե՞լ են․․․ Ու դեռ էսքանից հետո խոսում եք սոցծրագրերի կայացվածությունի՞ց, պարոն նախարար։ Հերի՞ք չի՝ հասարակության աչքերին թոզ փչեք, իբր աշխատում եք․․․ Ինչո՞ւ եք ամեն ջանք գործադրում մարդկանց հուսալքության ու հիասթափության հասցնելու համար, ու վերջապես ինչ-որ մեկն իր վրա վերցնելո՞ւ է մեր շուրջը տիրող այս համատարած բարդակի, ամենաթողության, սաբոտաժի ու լկտի ստախոսության համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Սոցիալական ապահովության ծառայություն
Հայաստանի Հանրապետություն
Չգիտես էլ ում դիմես... Մարդ կա՞...